Մենք Բաքվում պահվող գերիներ ունենք և նրանց հարցով կառավարության ղեկավարը, ԱԳ նախարարը, ինչպես նաև խորհրդարանն առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի հետ վերադարձնենք հայրենիք, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Հարցին, թե ինչու ՄԱԿ-ում վարչապետը չհնչեցրեց «գերի» բառը, այլ անվանեց «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք»՝ Բաքոյանը պատասխանել է. «Ես չեմ կարող մեկնաբանել վարչապետի մեկնաբանությունը, դա պետք է անի վարչապետը, բայց վստահ կարող եմ ասել, որ միջազգային մեր գործընկերների հետ բոլոր հանդիպումներին՝ բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր տարբերակներով անպայման բարձրաձայնում ենք մեր գերիների վերադարձի մասին»։
Նա նաև նշել է, որ այդ թեմայով կան տարվող աշխատանքներ, որոնք հանրայնացնելը կարող է գործընթացին վնասել. «Աշխատանքները չեն դադարում, մեզնից կախված չեն, բայց մենք առավելագույն աշխատանք տանում ենք, որպեսզի վերադարձնենք Բաքվում պահվող մեր հայրենակիցներին։ Ձեզ երևացող մասը «այսբերգի» միայն երևացող մասն է, մեծ, ահռելի աշխատանք կա, որը չի երևում»։