Տարընթերցումներից խուսափելու Տեր Տրդատ քահանա Գևորգյանը վերլուծել է, թե իրականում ինչ փոփոխության է ենթարկվում հայոց բանակում հոգևոր սպասավորությունը և ինչ նորամուծություն է առաջարկվել ՊՆ 29.01.2026թ. հրամանով լուծարված ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության դիմաց:
Ըստ այդ հրամանի՝ այսուհետ գնդերեց հոգևորականները փոխարինվելու են ՀՀ ԶՈՒ ԳՇ Բարոյահոգեբանական ապահովման (ԲՀԱ) վարչությանը ենթակա հաստիքային սպաներով:
Տեր Հայրը ներկայարցել է, թե ինչ տարբերություններ է դա իր մեջ պարունակում նախկինում գործող սպասավորության համեմատ։
«1. Եթե մինչ լուծարումը գնդերեցը բանակում կոչումով հոգևորական՝ քահանա, կամ սարկավագ էր, ապա այսուհետ՝ սպա է, ով բնավ կարող է հոգևորական չլինել: Դուռ է բացվում տարատեսակ եկեղեցատյաց և կրոնական բնույթ կրող տարրերի ներթափանցման համար:
2. Եթե մինչ լուծարումը գնդերեցը բանակում հոգևոր աստիճան ուներ, ապա այսուհետ՝ բացառապես զինվորական: Քահանաներ այլևս չեն լինի, իսկ սարկավագին կտրելու են Մայր Եկեղեցու ենթակայությունից:
3. Եթե մինչ լուծարումը գնդերեցն ուներ երկակի ենթակայություն՝ Մայր Եկեղեցուն և ՊՆ-ին, ապա այսուհետ՝ միայն բանակին:
4. Եթե մինչ լուծարումը գնդերեցը կրում էր հոգևոր զգեստ, չէր կրում զենք, ապա այսուհետ՝ պարտավոր է կրել զինվորական համազգեստ, անհրաժեշտության դեպքում քայլել շարային քայլքով:
5. Եթե մինչ լուծարումը գնդերեցը հոգևոր հայր և Եկեղեցու սպասավոր էր, ապա այսուհետ՝ բարոյահոգեբանական մասնագետ:
6. Եթե մինչ լուծարումը գնդերեցը Եկեղեցու կողմից էր առաջադրվում, ապա այսուհետ՝ նշանակվելու է ՊՆ կողմից:
7. Եթե մինչ լուծարումը գնդերեցն իր ենթակայությունը կիսում էր զորամասի հրամանատարի հետ մեկտեղ նաև ԶՈւ Հոգևոր առաջնորդին, ինչը նշանակում էր, որ հրամանատարը հակաեկեղեցական որոշումով չէր կարող նրան դնել անելանելի վիճակի մեջ, ապա այսուհետ՝ այդ հակակշիռը վերանում է և նա դառնում է հրաման կատարող անձ։
8. Դառնալով սպա՝ հոգևորականն այլևս չի կարող առարկել հրամանատարին, եթե վերջինս արձակի հոգեկորուստ կամ հակաեկեղեցական հրամաններ։
9. Հոգևորականը ստիպված է լինելու մասնակցել զինվորական վարժանքների, ինչը հեռացնում է նրան իր բուն հոգևոր առաքելությունից։
10. Գնդերեց հոգևորականների հիմնական առաքելությունը բանակում հոգեփրկչական էր, իսկ այսուհետ՝ այդ ծառայությունը սահմանափակվելու է զուտ բարոյահոգեբանական դաստիարակությամբ, որն արդեն առկա էր ի դեմս ԲՀԱ սպաների ու սպա հոգեբանների ծառայության:
11. Հոգևորականի դերը հոգևոր հորից վերածվում է «բարոյահոգեբանական աջակցի»։ Սա զրկում է զինվորին խոստովանության և հոգևոր խորհուրդների այն անկախ հարթակից, որը չէր վերահսկվում հրամանատարության կողմից։ Զինվորն այլևս չի ունենալու հոգևոր հայր, ում կարող է խոստովանել և վստահել իր անձնական գաղտնիքները՝ առանց վախենալու այդ հարցերում հրամանատարության վերահսկողությունից։
12. Զինվորը բանակում կունենա ոչ թե հոգևոր հայր, այլ սպայական կոչումով «կրոնական աշխատող», ով պարտավոր է հնազանդվել ոչ թե Աստծուն և իր ուխտին, այլ վերադասի սպայի հրամանին։
13. Զորամասերի և զինվորական հոսպիտալների եկեղեցիներն ու մատուռները փաստացի զրկվում են կանոնավոր հոգևոր սպասավորությունից՝ Պատարագներից, Ս.Հաղորդության բաշխումից զինվորական, բշժկական անձնակազմերի և բուժառուների շրջանում, ժամերգություններից, զինծառայողների Ս.Մկրտության արարողություններից:
14. Բանակում այլևս մկրտություն անցկացնող հոգևորական չի լինի, որը կարևոր դեր ուներ հատկապես մարտական իրավիճակներում:
15. Հոգևոր սպասավորության կուռ համակարգից դուրս են մղվում 20 և ավելի տարիների փորձ ունեցող, պատերազմների թոհուբոհում թրծված գնդերեց հոգևորականներ:
16. Առանց Եկեղեցու հակակշռի ի դեմս հոգևորականների՝ նոր «գնդերեցները» կարող են ստիպված լինել քարոզել Առաքելական Եկեղեցու դավանանքին հակասող դրույթներ, հակաեկեղեցական օրակարգեր՝ հրամանին չենթարկվելու վախից դրդված, կամ հենց նման գաղափարների կրողը լինել:
17. Նորամուծ գնդերեցը լինելու է Եկեղեցու նվիրապետությունից կտրված, Աստծո խոսքը կրող նախկին բազմափորձ հոգևորականն իր տեղը զիջելու է պարզապես «հոգևոր կրթությամբ մասնագետին», ով առաջնորդվելու է վարչական հրահանգներով։
18. Պատերազմի արհավիրքների միջով անցած զինվորականին առաջարկվելու է հոգեբանական դասախոսություն, այնինչ նրան ավելի անհրաժեշտ են սփոփող Աստծո Սուրբ Հոգու մխիթարությունը, աղոթքը, հավատքի ամրությունը, հոգևոր խնամքը, խոստովանությունը, թողությունը հոգևորականի կողմից։ Այս որոշմամբ բանակից հեռացվել են հոգևորականներ, ովքեր տասնամյակներ շարունակ Աստծո շնորհով հոգևոր բժշկություն են պարգևել զինծառայողին։
Եզրակացություն. Արդյո՞ք սա «բարեփոխում» է, դատեք ինքներդ։ Սա Եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության վերացումն է բանակում։ Հոգևորականը դադարում է լինել հոգևորական, Եկեղեցու հոգևոր պատվիրակը բանակում վերածվում է պետական կառավարելի պաշտոնյայի։ Այլ կերպ ասած Զինված Ուժերը դուրս են բերվում Եկեղեցու հոգևոր ներգործության դաշտից։ Հոգևոր առաջնորդության ծառայակիցների գնահատմամբ սա ոչ թե բարեփոխում է, այլ Եկեղեցուն բանակից «վտարելու» և նորամուծ գնդերեցներին հրամկազմի կամակատար դարձնելու գործընթաց։ Բանակում հոգևորականի ուժը նրա անկախության մեջ էր։ Զինվորականացված «գնդերեցը» զրկվում է Աստծո և Եկեղեցու անունից ազատ խոսելու իրավունքից և դառնում է հրամաններ կատարող»,- ընդգծել է Տեր Տրդատը։




