Չկա նման բան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Բալասանյան դաշինքին ճնշելու խոսակցություններին:
«Դուք երբևիցե Բալասանյան դաշինքի անդամներից որևիցե մեկից լսե՞լ եք նման բան: Այս իշխանության հասցեին տեղից վեր կացողը մտքին ինչ գալիս ասում է, բայց իրենց ճնշել են ու իրենք վախենո՞ւմ են խոսեն: Ստում են, լկտի սուտ են խոսում, ու եթե նման բան ասող մարդ կա, թող իր անունով ասի և իր ասած ստերի համար պատասխան տա: Նրանք ուղղակի դրանով փորձել են վրեժ լուծել Գյումրիից ու գյումրեցիներից: Վրեժ են լուծել այն համայնքից, որը ըստ երևույթին իրենց չի տվել բավարար քվե՝ մեծամասնություն կազմելու համար, վրեժ են լուծել գյումրեցիներից այն իրավական պրոցեսների համար, որոնք ընթանում են՝ մեղավոր նշանակելով գյումրեցիներին»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:
Հարցին՝ իսկ գուցե ՔՊ-ն է այս եղանակով վրեժ լուծում գյումրեցիներից, Ալեքսանյանն ասաց. «Իսկ որ Կենտրոնի թաղապետարանում ձերբակալություններ են լինում, ումի՞ց ենք վրեժ լուծում: Մենք մեզնի՞ց ենք վրեժ լուծում:
Նրա խոսքով՝ Գյումրու քաղաքապետարանում աշխատավարձերի մասով էլ խնդիր կա, գնումների մասով էլ խնդիր կա, դիզվառելիքի հետ կապված խնդիր էլ կա. «Շիրակի մարզպետը երեկ խորհրդակցութուն է անցկացրել քաղաքապետարանի դեռևս մնացած պաշտոնյանների հետ, նաև ՏԿԵ նախարարն է քաջատեղյակ, ու միասին մեխանիզմներ են մշակում, որպեսզի քաղաքը կոլապսի չմատնվի: Բալասանյան դաշինքի անթույլատրելի վարքագծի հետևանքով անտերության է մատնվել հանրապետության 2-րդ քաղաքը»: