Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանության բռնազավթման հոդվածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Հերթական քաղաքական հետապնդումն է»,–ասաց փաստաբանը։
Սերգեյ Հարությունյանը նշեց, որ Բագրատ Սրբազանի տանն իրականացված խուզարկության ընթացքում զենք–զինամթերք չի հայտնաբերվել։
«Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներից մեկը տեսա, որտեղ զենքն է երևում, ու կողքին դրա մասին փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ դա որևէ մեկին է պատկանում, ով օրինակ ունի այդ զենքի թույլտվությունը»,–հավելեց նա։
Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ, Բագրատ Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։
Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։