Հանրության շրջանում չկա շահագրգռվածություն բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնել, ինչն էլ բերում է նրան, որ զորակոչիկի մեկ տարվա տարկետումը երկարաձգվում է ևս մի քանի տարով։ Կառավարության նիստի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ Որպես լուծում կառավարության հաստատմանն է ներկայացվել նախագիծ, որով հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները:
«Այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինվորական ծառայությունից խուսափելը խրախուսելը»․- իր խոսքում նշեց Պապիկյանը՝ շարունակելով․ «Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում առաջին անգամ փորձաքննության ժամանակ բուժման նպատակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիները տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվել ոչ պիտանիության կամ ժամանակավորապես ոչ պիտանիության համար սահմանված վիճակները, ինչպես նաև որոշակի հիվանդությամբ հակացուցումները կորոշվեն զորամասի բժշկի կողմից՝ կապված հիվանդության աստիճանից»։