Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս աչքերը հովացած սրտի աչքեր են, արժանապատվության և ինքնասիրության վերականգնման աչքեր են, իր մեջի եղած հարցը լուծած վերջացրած աչքեր են, արարքի համար չփոշմանելու աչքեր են։
Եթե լիներ արդարադատություն, և ժամանակին այս տղայի եղբորը սպանած անձը, կամ այդ գործի հետ առնչություն ունեցողները արդար պատասխանատվություն կրեին, այս նույն աչքերը կրկին կլինեին այսպիսին, բայց ո’չ մարդասպանի կարգավիճակում։
Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը, առավել ևս դատական համակարգը ենթակա է շտապ վիրահատական միջամտության, այլապես այսպիսի դեպքերն օր-օրի կշատանան, և մենք տեսնում ենք, որ շատանում են` օր չկա չլսենք սպանության և այլ տեսակի բռնության տարատեսակ դեպքերի մասին, և դրանց թիվն իրոք աճում է։
Ամենևին, ինձ համար անընդունելի է ցանկացած բռնություն, առավել ևս մարդասպանությունը, բայց հասկանալ է պետք այդ հանցագործությունների աճի պատճառները, և շտապ լուծումներ գտնել է պետք։
Հայաստանում պետք է հստակ գործի օրենքը, որ այսպիսի դեպքեր չլինեն։
Արդարադատության համակարգի հարգելի ներկայացուցիչներ, տեսա՞ք ձեր թերացումն ինչպիսի հետևանքներ է ունենում։
Արդարադատության ընտրովի կիրառումը, ծնում է այսպիսի իրավիճակներ։
Կտա՞ք այս տղային տնային կալանք, իհարկե ոչ, և ճիշտ կանեք, բայց մյուսի դեպքում էլ պետք է այդ ճիշտը կիրառելի լիներ։
Հիմա, համ այդ տղան վարի գնաց, համ համայնքապետը կյանքից զրկվեց, համ ոստիկանը կյանքից զրկվեց, համ էլ բազմաթիվ երեխաներ անհայր մնացին, իսկ կանայք այրի մնացին։
Երեխաներ որբացան` ձեր ճիշտ չաշխատելու արդյունքում։