ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, կարող է մարդ կիրակի օրը լինել ոչ սթափ վիճակում. Արմեն Խաչատրյանը՝ Վիլեն Գաբրիելյանի պահվածքի մասին

«Ի՞նչն է խախտել Վիլեն Գաբրիելյանը, եթե եղել է ոչ սթափ վիճակում․․․ կիրակի օրով Գյումրիում, ինչ-որ բանո՞վ արգելված է, որ լինի ոչ սթափ վիճակում։ Հանրային պաշտոնյան չի կարո՞ղ ոգելից խմիչք օգտագործել»,- Factor TV-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսպես արձագանքեց գործընկերոջ՝ Վիլեն Գաբրիելյանի պահվածքին։

Հիշեցնենք՝ կիրակի օրը Գաբրիելյանը Գյումրիում հայտնվել էր սկանդալի կենտրոնում, նա, ըստ տարածված տեսանյութերի, ոչ սփաթ վիճակում սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել՝ ուղղված իրեն մոտեցած լրագրողին։ Նա ավելի ուշ վեճի էր բռնվել պարզաբանումներ պահանջող այլ լրագրողի հետ։

«Այո՛, կարող է մարդ կիրակի օրը լինել ոչ սթափ վիճակում»,- ասաց Արմեն Խաչատրյանը և պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է նաև հայհոյել լրագրողին, նշեց․ «Ո՛չ, լրագրողին չի կարելի հայհոյել»։ Ուշագրավ է, որ Գաբրիելյանը վիճել էր նաև թիմակիցների հետ, որոնք փորձում էին զսպել նրան, բայց Արմեն Խաչատրյանը ստեղծված իրավիճակի մեղավոր համարում է լրագրողներին։ «Լրագրողը պետք է լինի լրագրող, ոչ թե սադրիչ։ Մարդը եղել է գինովցած, լրագրողները սադրել են»,- ասաց նա։

Արմեն Խաչատրյանի ուշադրությունը պարբերաբար Վիլեն Գաբրիելյանի հնչեցրած հայհոյանիքի վրա հրավիրելու անհրաժեշտություն էր առաջանում, քանի որ նա հակված էր եղելության համար մեղադրել միայն լրագրողներին։ Ի վերջո, Արմեն Խաչատրյանը դատապարտեց գործընկերոջ՝ լրագրողին հայհոյելու պահվածքը։ «Չի՛ կարելի լրագրողին հայհոյել։ Այդ փաստը քննարկման առարկա է դարձել կամ դառնալու քաղաքական մարմնում՝ իր հետևանքերով հանդերձ»,-ասաց Արմեն Խաչատրյանը։