Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (այդ թվում՝ իմ) իրավունքների պաշտպանության համար ներկայացված գանգատները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այսօրվա կիսատ-պռատ մանիպուլյացիաների՝ իմ հայտարարության վերաբերյալ՝
- Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (այդ թվում՝ իմ) իրավունքների պաշտպանության համար ներկայացված գանգատները: Հաշվի առեք, որ ես ստիպված եմ ՀՀ-ին դատի տալու, քանի որ դուք թաքնվում եք պետական մարմինների քողի տակ՝ ձեր բացարձակ սխալ ու հանցավոր որոշումները կայացնելիս: Ամեն դեպքում, վերջին հաշվով այդ դատական ակտերը ուղղված են լինելու այդ որոշումները կայացնող անձանց դեմ:
- Ի տարբերություն ձեզ՝ ես վաղուց օգնել ու օգնում եմ բազմաթիվ մարդկանց՝ դատի տալու մեզ վրա կրակած ադրբեջանական պետությանն ու հանցագործներին: Եթե կոկորդ չեմ պատռում ու կուրծք չեմ ծեծում, դա դեռ չի նշանակում, թե պարապ նստած եմ: Ի դեպ, ասեմ, որ ես ժամանակին մեծապես օգնել եմ նաև ՀՀ լիազոր մարմիններին հավաքագրելու ծանրակշիռ ապացույցներ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված ՀՀ միջպետական գանգատների համար, որոնցից դուք ապօրինի ու թեթևսոլիկ կերպով հրաժարվում եք:
- Կասե՞ք, թե այդ որ իրավունքով եք դուք փակում ձեր իսկ հարկատուների ու ընտրողների հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության բոլոր հնարավորությունները: Մի հատ նայեք հայելու մեջ և միգուցե կհասկանաք, թե ում պետք է ուղղեք ինձ հղած Ձեր մեղադրանք-հարցադրումները:
- Ուզում եք ասել, որ պետական պաշտոնյաներն ինչ կուզեն կանեն, իսկ քաղաքացիներն իրավունք չունե՞ն դատարանով իրենց իրավունքները պաշտպանել ընդդեմ ապօրինի որոշումների: Լու՞րջ, պարոնա՛յք, փաստորեն, ՀՀ պետական մարմինների հանցավոր գործողությունների դեմ պայքարող բոլոր անձինք քաղաքացու ձեր մոդելից շա՞տ են շեղվել…
- Իմ իրական մտադրությունները հասկանալու փոխարեն պարզապես հասկացեք ինքներդ ձեր մտադրությունները՝ այդպիսի լկտիագույն որոշում կայացնելիս: Իմ մտադրությունն ու դրդապատճառը շատ պարզ է՝ հերթական անգամ ապացուցել, որ պետության գործառույթը իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, ոչ թե՝ խախտումը, այն էլ՝ նման մեծ մասշտաբով:
- Չե՞ք ուզում առերեսվել զանգվածային դատական հայցերի, որոնց արդյունքում արձանագրվելու է ձեր որոշումների հանցավոր բնույթը, ուրեմն՝ մի՛ հրաժարվեք միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից:
- Սեփական քաղաքացիների ու հարկատուների դեմ հոխորտալու և թշնամու հրահանգներն իրականացնելու փոխարեն ուղղակի կատարե՛ք ձեր ստանձնած պարտավորությունները և ապահովե՛ք մեր իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ միջազգային ամենաքաղաքակիրթ մեխանիզմներով:
- Կբարեհաճե՞ք թարմացնել հիշողությունս, թե հարկատուների միջոցներով ապրողներից որ մեկն էր սեփական քաղաքացու և հարկատուի վրա խայտառակաբար թքողը և դրանով հպարտացողը…
- Թո՛ղ Ձեզ չթվա, թե ինձնից կամ որևէ տառապած արցախցուց շատ եք փափագում խաղաղության հասնել: Ուզու՞մ եք իրական ու կայուն խաղաղություն լինի, ուրեմն ձգտե՛ք արդար ու արժանապատիվ լուծումների, այդ թվում՝ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների քննման ու հետևանքների վերացման տեսքով: Երբ արդար, արդյունավետ ու համարժեք լուծումներ տաք գանգատներում ներկայացված հիմնախնդիրներին ու խախտումներին, միայն այդ ժամանակ կարող եք հրաժարվել այդ գանգատներից: Մնացած դեպքերում՝ մեղքը ձեր վիզը»,-գրել է նա։