Այո՛, Արցախը հանձնել են, և հանձնել են գիտակցված ընտրությամբ, պարտվողական քաղաքականությամբ. Դավիթ Գալստյանը՝ ՔԿՀ-ից

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն ուղերձ է հղել կալանավայրից՝ Արցախի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի կապակցությամբ։

«Սիրելի՛ Արցախ, սիրելի՛ ժողովուրդ

Այս օրը՝ սեպտեմբերի 2-ը, տարիներ շարունակ եղել է մեր հպարտության օրը։

Արցախը հռչակել էր իր ազատությունն ու մենք հավատում էինք՝ այլևս երբեք չենք ծնկի թշնամու առջև։ Բայց այսօր ցավը խառնվել է այդ հպարտության հետ։ Հիշողությունը խեղդում է կոկորդը։ Ցավը՝ սուր է, որովհետև ոչ թե պարտվեցինք մարտում, այլ՝ հանձնեցին մեզ։ Այո՛, Արցախը հանձնել են։ Հանձնել են ոչ թե անհնարին ուժին դիմակայել չկարողանալու պատճառով, այլ՝ գիտակցված ընտրությամբ, պարտվողական քաղաքականությամբ, ժողովրդի կամքին հակառակ քայլերով։ Եվ այդ հանձնողը՝ ժողովրդի անունից խոսող մի խումբ, որ մոռացել էր, թե ում արյամբ է գծված այս հողի սահմանը։ Նրանք Արցախը չտեսան որպես հայրենիք։ Տեսան որպես խանգարող հանգամանք իրենց քաղաքական ճանապարհին։ Տեսան որպես բեռ, ոչ թե որպես զավակ։ Բայց մի բան նրանք չհասկացան։

Արցախը կարելի է հանձնել քարտեզի վրա, բայց չի կարելի հանել հայի սրտից։ Եվ երբ հայը չի հանձնվել, ապա հաղթանակը ժամանակի հարց է։

Ես այսօր ձեզ գրում եմ բանտի պատերի միջից։ Այստեղից հնարավոր չէ տեսնել ոչ լեռներ, ոչ հորիզոն։ Բայց հավատացե՛ք, այստեղից ավելի սուր է զգացվում հայրենիքի արժեքը։

Ազատության ամեն ակնթարթը այստեղ կշռվում է հայրենիքի սրբությամբ։

Եվ եթե ինձ տարան բանտ՝ որովհետև սիրում եմ Արցախը, ապա թող այս պատվավոր խաչն իմ հետ մնա մինչև վերջ։ Արցախը հանձնել են՝ թշնամուն։ Բայց հայը դեռ կանգուն է։ Եվ քանի դեռ կանգուն է՝ հարցը փակված չէ։ Արցախը վերադառնալու է։ Ոչ թե որպես անիրական երազանք, այլ՝ որպես պետական, արժանապատիվ, կենդանի հայրենիք։ Որպես մեր խոնարհված մոր աչքերի պայծառ ժպիտ։ Որպես մեր ընկած զինվորի կիսատ խոստում։ Որպես մեր զավակի ապագա տուն։ Սեպտեմբերի 2-ը այլևս չի տոնվում շքեղ միջոցառումներով։

Այժմ այն նշվում է ցավով, լռությամբ, բայց նաև՝ քամուց կոփված հույսով։ Այս օրից սկսվում է հաշիվը դեպի վերադարձ։ Դեպի պատասխանատվություն, դեպի նոր հավատ, դեպի նոր Արցախ։ Եվ երբ գա այդ օրը, հիշե՛ք՝ մենք կանգնած էինք այստեղ, սրտով, ոչ թե իշխանությամբ։ Հոգով՝ ոչ թե պաշտոնով։ Ճշմարտությամբ՝ ոչ թե լռությամբ։ Որպես չհանձնված հայեր։

Հարգանքով ու հավատով՝

Դավիթ Գալստյան
ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղբանտարկյալ
Կալանավայրից
2025 թ․ սեպտեմբեր 2»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։