Search
Close this search box.

Ավտոբուսները նոյեմբերից են բերվել, ինչո՞ւ հիմա պետք է վարորդ փնտրենք. Ավինյան

«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա.

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդայցության ժամանակ ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավար Բեգլար Կիրակոսյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով այն հանգամանքին, որ նոր ավտոբուսները Երևան են բերվել դեռ նոյեմբերին, և որ վերջին օրերին 90 նոր վարորդ է ընդունվել աշխատանքի, նշել է. «Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և վստահաբար կհասցնեինք իրականացնել»։

Նա «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավար Կիրակոսյանից նաև հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսել վարորդների համալրման գործընթացը. «Մենք հիմա գնում ենք տոմսային համակարգում էական փոփոխությունների, և այդ փոփոխությունները դժվար են, որովհետև համակարգն ամբողջապես փոխվում է։ Մենք ժողովրդին ասում ենք՝ նոր ավտոբուսներ ենք բերում, հին Hyundai-ները փոխում ենք, գազելները 2023թ. արդեն չկան, այս ամենն անում ենք, որ որակ բարձրացնենք, իսկ մարդիկ առաջին բանը, որ հունվարից տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ գծեր։ Եվ սա իրականում քաղաքապետարանի լուծելու խնդիրը չի եղել։ Հիմա՝ կառավարության որոշում է, հաստիքացուցակը առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք, 340-ին հունվարի 3-ից աշխատանքի ընդունեիք»,- ասել է քաղաքապետը՝ շեշտելով, որ նոյեմբերից ավտոբուսները եղել են, պարզ է եղել՝ հունվարից որ գծերն են փոխվելու և միաժամանակ եղել է հավաքագրման խնդիր. «Հիմա ինչո՞ւ պետք է քաղաքապետարանում բոլորով ավտոբուսի վարորդ փնտրեինք։ Սա ձեր պարտականությունն է եղել։ Սա մենք չպետք է քննարկեինք հիմա այստեղ»։

Քաղաքապետը նշել է, որ Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50.000 հոգի կա։ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքագրումը: Քաղաքապետը նաև նշել է, որ ամեն մեկն իր տեղում իր հարցերը պետք է լուծի:

«Մենք չենք կարող անընդհատ «Երևանի ավտոբուս»-ով զբաղվել։ Դա ձեր խնդիրն է»,- ասել է Ավինյանը։