Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտում իրականացվող ցանկացած փոփոխություն դիտարկում է որպես հնարավորություն՝ ոչ միայն համակարգը բարելավելու, այլ նաև այն ֆինանսավորելու ուղղությամբ։ Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե տրանսպորտի գների բարձրացման արդյունքում որքան գումար է հավաքագրվել և ինչ ազդեցություն է ունեցել այդ գործընթացը։
Կոստանյանի խոսքով՝ երբ փետրվարից ներդրվեցին տոմսային նոր փաթեթները, մի խումբ ընդդիմադիր գործիչների գործողությունների արդյունքում տրանսպորտում առաջացավ անկայուն և որոշ դեպքերում՝ անկառավարելի իրավիճակ։ Այս արշավները, որոնց ընթացքում մարդկանց հորդորում էին չվճարել երթևեկության համար՝ պնդելով, թե գինը չպետք է բարձրանար, հանգեցրին նրան, որ ընդհանուր առմամբ «Երևանի ավտոբուս» ընկերությունը, Մետրոպոլիտենը և «Էլեկտրական ավտոբուս» ընկերությունը հավաքագրել են շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։
Թվերը գուցե ինքնին մեծ չթվան, սակայն ըստ Կոստանյանի՝ այս իրավիճակը լուրջ հետևանքներ է առաջացրել. այն գումարները, որոնցով նախատեսվում էր ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, չեն ապահովվել ամբողջությամբ, և այժմ պարզվում է, որ դրանցից մոտ 30-ի գնման հնարավորությունը կկորցվի՝ թերհավաքագրման պատճառով։
Խոսնակի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ տրանսպորտային քաղաքականության դեմ ուղղված արշավները ոչ միայն վնասում են քաղաքային իշխանություններին, այլև բացասաբար են անդրադառնում ամբողջ քաղաքային ենթակառուցվածքի վրա։