ՀՀ-ում 2026 թվականին արտահերթ ընտրությունների գնալու կարիքը չկա, հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կասկածներ կան, որ քաղաքական ուժի ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրասվում է արտահերթ ընտրությունների գնալ, այդ պատճառով արդեն նախընտրական շտաբի պետ է նշանակել։
«Մենք ունենք գործընկերներ, որոնք խոսում են արտահերթի մասին (խոսքն ընտրությունների մասին է – խմբ․)։ Բայց մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա։ Գնում ենք հերթական ընտրությունների։ Խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել»,- նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ շտաբի ձևավորումը կապված է նրա հետ, որ իշխանությունն առաջին անգամ ցանկանում է առանց ցայտնոտների, շտապողականության կազմակերպի իր աշխատանքը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծեց՝ ցանկացած ընտրությունից հետո, իշխանությունները կարող են հենց հաջորդ օրվանից առաջիկա ընտրությունների համար նախընտրական շտաբ ձևավորել։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի այնուամենայնիվ անհրաժեշտություն առաջանա արտահերթ ընտրությունների գնալ, Հարությունյանը շեշտեց՝ գուցե աշխարհացունց այնպիսի իրավիճակ լինի, ու դրանից որևէ երկիր ապահովագրված չէ։ Վստահեցրեց՝ իրենք պատրաստվում են 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական ընտրություններին։




