ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի կարողանում ատամնաբուժարան գնալ՝ բուժօգնություն ստանալու, քանի որ առանց ոստիկանական ուղեկցման չի կարող տնից դուրս գալ, իսկ ուղեկցող ծառայողների հարցն այդպես էլ չի կարգավորվել։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` նշելով, որ փաստացի խախտվում է իր պաշտպանյալի առողջապահական իրավունքը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանն ավելի վաղ գրություն է ուղարկել ոստիկանություն առ այն, որ Աշոտյանին անհրաժեշտ է ուղեկցել բժշկի, սակայն գրության պատասխանը մինչ օրս չկա։
«Տնային կալանքի տակ գտնվող անձինք, ինչպես և ցանկացած այլ քաղաքացի, այդ թվում՝ կալանավորներն իրավունք ունեն ստանալու որակյալ բժշկական օգնություն, բայց դրա ապահովման եղանակը չկա։ Այդ անձին չի թույլատրվում ինքնուրույն մեկնել հիվանդանոց, խոսքը շտապ դեպքերի մասին չէ, այլ ընթացիկ խնդիրների, չկա մեխանիզմ, պետական մարմին, որ դրա համար պատասխանատու է։ Դատարանը գրում է ոստիկանությանը, իսկ ոստիկանությունը չի էլ պատասխանում դատարանին, այսինքն՝ ոստիկանությունը փաստացի հրաժարվել է այդ գործառույթը կատարելուց»,- հայտարարեց Աթանեսյանը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում տնային կալանքը դառնում է անմարդկային, սա խոշտանգում է մարդու նկատմամբ, երբ կա խնդիր, սակայն չես կարողանում գնալ բժշկի։
Աթանեսյանի տեղեկություններով՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ նմանօրինակ պայմաններում անձի խափանման միջոցը փոխվում է, օրինակ՝ տնային կալանքը փոխարինվում է վարչական հսկողությամբ։
«Բայց քանի որ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, ցուցում չկա խափանման միջոցը փոխելու»,- ասաց Աթանեսյանը։
Նշենք, որ հուլիսի 2-ին էլ Արմեն Աշոտյանը դատական նիստին չէր ներկայացել, քանի որ ոստիկանության աշխատակիցներն ասել էին, թե ռեսուրս չունեն և չեն կարողացել նրան դատարան ուղեկցել։