ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելը համարում եմ շատ կարևոր և արդյունավետ, սովորաբար նման միջոցառումներում շփումների շրջանակը շատ ավելի լայն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ գոհունակությունս հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ: Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, բայց մենք այդքան երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չենք ունեցել: Մի փոքր էլ կոռեկտության խնդիր կար գոնե իմ կողմից, որովհետև մյուս լիդերները ելույթ էին ունենում, իսկ մենք մտքեր էինք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ խոսակցության ամենակարևոր հատվածն այն է եղել, որ միտք է հնչել, որ իր կարծիքով, Հայաստանն ու Արդբեջանը խաղաղ համակեցության և խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի կամ այլ պայմանագրերի, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք:
«Ինքս ունեմ որոշակի պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ: Այդտեղ էլ մեծ հաշվով գաղտնիք չկա: Ըստ էության, ռազմավարական գործարքի վերաբերյալ մեր պատկերացումը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Այդ խոսակցությունը շատ կարևոր եմ համարում, չնայած այն դեռ պետք է քաղաքական դրսևորումներ էլ ունենա, բայց պետք էլ չէ ակնկալել, որ նման խոսակցություններն ինքնաբերաբար քաղաքական դրսևորում ունենում են»,- ընդգծեց նա: