Search
Close this search box.

Արյան, մեզի նմուշ ում պետք է՝ կարող եմ տալ, թող գնան ստուգեն. Կարեն Սարուխանյան

«Խորհրդակցությունները Գյումրիում շարունակվում են, այս պահին դեռ որոշում չունեմ», լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ նշելով, որ օրենքում հստակ գրված չէ, որ նման դեպքերում պաշտոնակատար է լինելու, իրենք պատրաստվում էին գնալ արագ արտահերթ ընտրությունների՝ առանց պաշտոնակատարի:

«Այն պահին, երբ հասկացանք, որ առանց ժամանակավոր պաշտոնակատարի և համայնքապետի չենք կարող գնալ ընտրության, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որոշում կայացվեց, որ պետք է օրենքում փոփոխություն կատարվի, և դա հենց եղավ՝ կնշանակվի համայնքապետ, և կգնանք ընտրության»,- ասաց Սարուխանյանը՝ հավելելով, որ օրենքի փոփոխությունն արդեն ընթացքի մեջ է:

Սարուխանյանի խոսքով՝ Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, հիմա էլ օր օրի խնդիրներն ավելանում են, օր առաջ քաղաքը պետք է կառավարում ունենա:

Անդրադառնալով թմրամիջոց օգտագործելու լուրերին՝ Սարուխանյանը ասաց, որ այդ թեմային բավական երկար անդրադարձել է. «Իմ հանձնած թեստի տվյալները հրապարակել եմ, ասեմ, որ այդ սուտ տեղեկություններով փորձել են ինձ վարկաբեկել։ Գյումրիում ինձ շատ լավ են ճանաչում, գիտեն նաև, որ նման արատավոր երևույթների դեմ թիվ մեկ պայքարողն եմ։ Ես էլի եմ հայտարարել, որ պատրաստ եմ հանձնել ցանկացած թեստ։ Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն, ստուգեն»։