Hraparak.am-ը գրում է․ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանն այս իշխանությունների ամենախիստ քննադատներից է՝ նա հաճախ հարցազրույցներ է տալիս եւ բավականին կոշտ լեքսիկոնով քննադատում է իշխանությունների վարած քաղաքականությունը, հատկապես՝ արտաքին քաղաքականությունը։ Վերջերս նրա տված մի հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել, որտեղ նա խոսել է Սյունիքի միջանցքի, մեր իշխանությունների կայացրած համաձայնության եւ այդ ամենին հանրային արձագանքի մասին։ Մասնավորապես ասել է․ «… Թուրքիան և Ադրբեջանը կներխուժեն Սյունիք՝ տնտեսապես… մեր ժողովրդին փող կտան, իսկ մերոնց, որ փող ես տալիս, գիտես, ամեն ինչ էլ, ամեն ինչ էլ կզիջեն, իրենց երեխաներին էլ կծախեն, եթե փող տան»: Այս նախադասությունը իշխանական քարոզիչները եւ տարբեր ՔՊ-ականները մատի փաթաթան են սարքել, սկսել են շահարկել այն եւ լալահառաչ ստատուսներ են գրում, թե՝ տեսեք, ժողովրդին է վիրավորում։ Իշխանական այդ արշավը շատ նման է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ ժամանակին ծավալված արշավին, որ իբրեւ թե գյումրեցիներին վիրավորել է, դրա արդյունքում նրան բանտ ուղարկեցին եւ դատարանում նա մահացավ։ Հիմա նույն պրոցեսն ընթանում է Արթուր Խաչիկյանի դեմ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քաղաքագետ, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի դեմ։ Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իրազեկ քաղաքացիների միավորումում» ուսումնասիրեցինք այս հայտարարությունը և որոշեցինք
հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՔՕ 329-րդ հոդվածի հատկանիշներով: Որևէ մեկը իրավունք չունի հայ ժողովրդին անվանի «երեխաներին փողի դիմաց ծախող»: Այդ խոսքի հեղինակն ու պրոակտիվ տիրաժավորողները պետք է պատժվեն»։
Մենք երեկվանից փորձում ենք կապ հաստատել քաղաքագետի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր, իսկ ֆեյսբուքյան էջը՝ ջնջված։
Գլխավոր դատախազությունից հետաքրքվեցինք՝ ինչ ընթացք է տրվել Իոաննիսյանի հաղորդմանը, մեզ պատասխանեցին՝ դատախազության կողմից ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար, ՔԿ-ից էլ արձագանքեցին՝ դատախազությունից դեռ ոչինչ չեն ստացել։