Search
Close this search box.

Արթուր Դավթյան․ Մի քիչ տխուր եմ, որ ոսկե մեդալով չեմ վերադառնում

Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնալու: Կուզեի ոսկով… Ափսոս էր: Մեկ քայլ առաջ գնացինք: Կմարզվեմ, կպատրաստվեմ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, անպայման:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ մեկնաբանելով իր մրցելույթն ու արծաթե նվաճումը Փարիզ-2024-ում:

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նվաճեց Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը:

Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում հենացատկի վարժության եզրափակիչում 32-ամյա մարմնամարզիկը 14.966 միավորով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի տիտղոսը:

«Ոսկե մեդալի համար պակասեց երկու ցատկերից մաքուր ավարտը: Ոսկե մեդալ նվաճելու միակ տարբերակս այն կլիներ, որ երկու ցատկերիս վերջնամասում քայլ չանեի, մաքուր կանգնեի: Ֆիլիպինցի մարմնամարզիկի ցատկերից մեկն իմ ցատկերից չորս տասնորդական բարդ էր: Իսկապես նա շատ լավ ցատկեց: Նրան հաղթելու իմ միակ հնարավորությունն այն էր, որ պետք է գայի, կանգնեի ու քայլ չանեի երկու ցատկերի դեպքում էլ:

Լարվածություն կար, Օլիմպիական խաղերի եզրափակիչ էր: Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնալու: Կուզեի ոսկով… Ափսոս էր, բայց ունենք այն, ինչ ունենք: Մի քիչ տխուր եմ, որ ոսկե մեդալով չեմ վերադառնում: Մեկ քայլ առաջ գնացինք: Կմարզվեմ, կպատրաստվեմ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, անպայման, կարեւորը վնասվածք չունենամ:

Փարիզի Օլիմպիական խաղերում կատարած իմ աշխատանքը նորմալ եմ գնահատում: Առաջին մրցումային օրը երկուսն էլ վատ ցատկեցի, հարց առաջացավ՝ դուրս կգամ եզրափակիչ, թե ոչ, բայց ամեն ինչ բարեհաջող ստացվեց, եզրափակիչ դուրս եկա ու մեդալով հետ եմ գալիս»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն ավարտեց պայքարը Փարիզ-2024-ում: Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում գրավեց 6-րդ տեղը: