Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում գտնվող եկեղեցու հարևանությամբ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է գյուղով հոսող ջրանցքը։
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրում Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Գագիկ Մադոյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը, որը ունեցել է մոտ 5-6 մետր խորություն։ Վարորդը ինքնակամ դուրս է եկել ավտոմեքենայից, ապա ջրանցքից։
Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Բաբախանյանը և «Արզնի» ՋԵԿ-ի պատասխանատուներից։ Վերջինս հեռախոսով ինչ-որ մարդկանց հետ քննարկում էր, որպեսզի ջրի հոսքը դադարեցնեն, որ կարողանան հայտնաբերեն և ջրանցքից դուրս բերեն ավտոմեքենան։