«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2024 թվականի սեպտեմբերի 19-ին այցելել է Ստավրոպոլի երկրամասի հայկական Էդիսիա գյուղ և մասնակցել տեղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրման 110-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Այս հայտնի գյուղում գտնվելու ընթացքում նա շփվել է տեղի բնակիչների հետ, հանդիպել Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի մունիցիպալ շրջանի Էդիսիայի տարածքային բաժնի պետ Սուրեն Սարգսյանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայր Տեր Խաչատուր քահանա Եղիազարովի հետ։
Հինավուրց տաճարում մատուցվել է տոնական պատարագ, որին ներկա են եղել Էդիսիայի գրեթե բոլոր բնակիչները։ Դրանից հետո եկեղեցու բակում, քրիստոնեական ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել մատաղ (ողորմության սեղան, որտեղ մարդիկ բարեգործական նվիրատվություններ են անում, իրենց աղոթքներով դիմում Աստծուն) և տեղի մշակույթի տան ուժերով կազմակերպված համերգ:
Հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո Արշակ Կարապետյանն այցելել է տեղի գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Ուկրաինական նացիզմի դեմ պայքարի հատուկ ռազմական գործողության ընթացքում, Չեչնիայում և Ինգուշեթիայում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, ինչպես նաև Աֆղանստանում միջազգային պարտքի կատարման ժամանակ զոհված գյուղացիների հիշատակին և ծաղիկներ դրել նրանց շիրիմներին: Այնուհետև հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի մարշալ Գեորգի Կոնստանտինի Ժուկովին և Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Իվան Քրիստոփորի Բաղրամյանին, որոնց կիսանդրիները տեղադրված են Էդիսիա գյուղի այգում:
Հիշեցնենք, որ Ստավրոպոլի Էդիսիա գյուղը հիմնադրվել է 1797 թվականին Արևմտյան Հայաստանից տեղահանվածների կողմից։ Այսօր այնտեղ բնակվում են ավելի քան յոթ հազար հայեր, որոնք խնամքով պահպանում են ազգային մշակույթը, լեզուն և նախնիների ավանդույթները։
«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն