Search
Close this search box.

Առուշանյանին ազատազրկելու դատարանի որոշումը բողոքարկվել է․ մանրամասներ

Please enter a valid URL

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբանական խմբի անդամ Դավիթ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել. Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։

Արդյունքում՝ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Մասնավորապես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022թ․ մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։

Առուշ Առուշանյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել այս որոշման դեմ։ Քրեական դատարանների մամուլի քարտուղար Լիանա Ռաֆայելյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնեց, որ այն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի վարույթում է, նիստի օր նշանակվել է հոկտեմբերի 10-ին։ Բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով։