Առնվազն 24 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը վիրավորվել են շաբաթ օրը Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում ռումբի պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Բելուջիստանի ոստիկանության գլխավոր տեսուչ Մուզամ Ջահ Անսարին ասել է, որ պայթյունի թիրախ են դարձել Հետևակային դպրոցի զինվորները:
Վիրավորներից շատերը ծանր վիճակում են։
«Առայժմ 44 վիրավոր տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց», — լրատվական գործակալությանը հայտնել է հիվանդանոցի խոսնակ, դոկտոր Վասիմ Բայգը:
Ոստիկանության օպերացիաների գծով ավագ տեսուչ Մուհամմադ Բալոչն ասել է, որ պայթյունը, ըստ երևույթին, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, և որ հետաքննություն է տարվում՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
«Պայթյունը տեղի է ունեցել երկաթուղային կայարանում, երբ Փեշավար մեկնող էքսպրեսը պատրաստվում էր մեկնել իր նպատակակետը», — ասել է Բալոչը: