Երեկ՝ մայիսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում գործող «Խնձորնոց» կոչվող հյուրանոցային համալիրի տարածքում կախված տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, երկաթե ձողից կախված վիճակում, ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Լևոն Դ.-ն է։ Իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և նշված հյուրանոցային համալիր էր ժամանել իր կողմից վարած «Nissan Patrol» մակնիշի ավտոմեքենայով։