Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտա 1/24 հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և 4 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են նշված հիվանդանոց։
Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Արաբկիրի համայնքային ոստիկանները, Երևանի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների կողմից, Ազատության պողոտա 1/24 հասցեից։
Արդեն նշված հասցեում գործող շինության, որն ավելի շատ հյուրանոցային համալիր է հիշեցնում, ներսում և դրսում հայտնաբերվել են արնանման հետքեր։Տարածք սահմանազատել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչատուր Միրզաջանյանն ու Սպարտակ Պողոսյանը։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք սուր կտրող — ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ 4 վիրավորներն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Իսկ նշված շինությունում հայտնաբերել են 25-ից ավելի Հնդկաստանի քաղաքացիների։