Search
Close this search box.

Առաջինը Աղվանն էր

Բանտի տեսակցության սենյակում երկուսով նստած լուռ ծխում ենք: Լռության ծխի մեջ մեծ կռիվ ու նույնքան մեծ հանդարտություն կա: Աղվան Վարդանյանն է եկել ինձ տեսակցելու: 

Լիքը անհամաձայնություններ եմ ունեցել նրա հետ, վստահ եմ, որ էլ ավելի շատ ինքն է ունեցել և ունի ինձ հետ: Ընկեր Աղվանը չգիտի, որ իմ բանտում հայտնվելու նախապատճառը ինքն է, իսկ ավելի ճիշտ նրա` 2018 թվականի մայիսի 1-ի խոսքը, որի ժամանակ մենք նույնիսկ ծանոթ չէինք: 

Հիշու՞մ եք 2018թ ապրիլն ու հատկապես մայիսը: Զանգվածային խելագարության ամենաայլանդակ դրսևորումները տեղի էին ունենում իմ պատշգամբի անմիջապես տակ՝ Ամիրյան փողոցում: Անհասկանալի սատանայական ոգևորությամբ մարդիկ ոչնչացնում էին միմյանց: Հարձակման հիմնական թիրախը ՀՀԿ-ն էր: Հանրապետականներն անսպասելի հարձակումներին արձագանքում էին տարբեր կերպ: Կային հանրային միակ կարծիքին դեմ գնացողներ, ովքեր իսկույն դառնում էին համատարած ատելության և անպատասխանատու հայհոյանքի թիրախներ: Ամեն դեպքում ՀՀԿ-ն կռիվ տալիս էր: 

Դժվար էր այդ օրերին ինձ համար, ով ՀՀԿ անդամ երբեք չի եղել, բայց զանգվածային փսիխոզից սրտխառնոց էր ստանում: Մենակության զգացումը ճնշող էր: Տպավորություն էր, որ շուրջբոլորը համատարած խելագարներ էին, կամ եթե ես իմ կարծիքի մեջ մենակ եմ, գուցե ե՞ս եմ խելագար: 

Մայիսի 1-ին, բացի վարչապետի ընտրության չարաբաստիկ նիստից, նաև իմ ծննդյան օրն էր: Այդ մասին այդ օրը նույնիսկ չեմ էլ հիշել: Հիասթափված ու տխուր հետևում էի ԱԺ նիստին: Հրաշքի սպասումը գնալով մարում էր: Հարձակումը ՀՀԿ-ի ուղղությամբ շարունակվում էր թե փողոցում ու թե ԱԺ ամբիոնի մոտ: ՀՀԿ-ն, ի պատիվ իրեն, արժանապատիվ պաշտպանվում էր: Ամեն ինչ նույնն էր ինչ նախորդ օրերին: Տրամաբանությունը պարտվում էր ոռնոցին… 

Հանկարծ, անսպասելի լսում եմ Աղվան Վարդանյանի խոսքը: Վերջինս այդ պահին ներկայացնում էր դաշնակցությունը, որի դիրքորոշումը համահունչ էր իշխանազավթերին: Չեմ մեղադրում, դժվար, նույնիսկ անհնար էր այդ օրերին հանրային կարծիքին հակառակ գնալը: Ամբիոնից խոսում է Աղվան Վարդանյանը ու, ըստ էության, չունենալով որևէ անձնական մոտիվացիա՝ իր նախաձեռնությամբ, սուր քննադատում է նոր իշխանությանը, որի հետևանքով վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը: Այդ ամենը անում է նույն հանդարտությամբ, ինչպես հիմա բանտի տեսակցությունների սենյակում նստած լուռ ծխում է: 

Ընկեր Աղվանի անսպասելի կռիվը միակ հաճելի բանն էր, որը ես հիշում եմ այդ օրվանից: Եթե բացի ինձանից կա ևս մեկ մարդ, ուրեմն ես խելագար չեմ, եթե բացի ինձանից կա ևս մեկ մարդ, ուրեմն կան հազարավորները ովքեր կխոսեն հետո, եթե բացի ինձանից կա ևս մեկ մարդ, ուրեմն մենք չենք մեռել, եթե բացի ինձանից կա ևս մեկ մարդ, ուրեմն մեր կռիվը շարունակվում է, եթե բացի ինձանից կա ևս մեկ մարդ ուրեմն պարտավոր ենք համախմբել բոլորին, եթե բացի ինձանից կա ևս մեկ մարդ, ուրեմն արժի կռվել ու անպայման հաղթել՝ նույնիսկ բանտարկվելու գնով… 

Նարեկ Մալյան 
«Վարդաշեն» ՔԿՀ

27.08.2024թ