Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն այնքան անթաքույց է, այնքան բացահայտ են ԵՄ-ն և ԱՄՆ խառնվում Հայաստանի ներքին գործերին, գալիք ընտրություններին, որ անգամ նրանց պրոպագանդայի կարևորագույն հարթակներից, օրինակ, BBC-ին է անդրադարձել ու արձանագրել այս իրողությունը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա, միջազգային փորձագետ Կուչերը BBC-ին տված հարցազրույցում բաց տեքստով խոսում է այն մասին, որ Արևմուտքը բացահայտ կերպով խառնվում է ՀՀ ներքին գործերին՝ միակողմանի պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին։
«Որպես ապացույց բերված է այն փաստը, որ ԵՄ կողմից հատկացված 15 միլիոն եվրոն իբր թե ապատեղեկատվության դեմ պայքարի համար է, ակնհայտ աջակցություն է Փաշինյանին։
Ավելին՝ միջազգային փորձագետները BBC-ում ֆիքսում են՝ եթե ռուսներին մեղադրում են Հայաստանի ընտրություններին, ներքին քաղաքականությանը խառնվելու մեջ բացառապես անուղղակի, որոշակի հիմքերի վրա, ապա Արևմուտքը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն դա անում են բացահայտ՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի։
Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված, այս ընտրություններին արտաքին ուժերը խառնվում են արդեն հայ ժողովրդի ընտրության և իրավունքների մեջ և դա անում են բացահայտ՝ ստավկեն դնելով Փաշինյանի վրա»,- ասում է Արմեն Աշոտյանը։




