Գելափ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է իր հերթական սոցհարցման արդյունքները, որոնք սառը ցնցուղի ազդեցություն են ունեցել քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների վրա։ Որոշները իրենց չեն հայտնաբերել այդ ցուցակում՝ անակնկալի գալով, թե ինչպես կարող էր իրենց տիտանական մասշտաբի քաղաքական ուժն անհայտ լինել հայ ընտրողների համար, մյուսները դժգոհ են իրենց վարկանիշի անկումից։ Մինչդեռ, մեր կարծիքով՝ հարցումներն իրականում արտահայտում են հայ հասարակության, մեր ընտրազանգվածի օբյեկտիվ տրամադրությունները։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը ինը ամիս ժամանակ, և այս հարցումները ցույց են տալիս, թե հիմնականում որ ուժերի միջև է ընթանալու նախընտրական պայքարը, որ կուսակցություններն են հանրային վստահության առաջատարները և ըստ այդմ՝ ովքեր իրական հնարավորություն ունեն հայտնվելու խորհրդարանում։
Բնական է, որ առաջին հորիզոնականում հայտնվել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 17 տոկոսանոց վարկանիշով։ Կառավարող ուժը միշտ էլ հարաբերական առավելություն է ունեցել մյուս կուսակցությունների նկատմամբ, թեկուզ և այն պարզ պատճառով, որ տիրապետելով հսկայական վարչական լծակների՝ կառավարող ուժը հնարավորություն է ունեցել դրանք օգտագործել ի շահ իր վերարտադրության։ Նախ նկատի ունենանք, որ նման իրավիճակ է ամբողջ աշխարհում, բայց դա ՔՊ-ի ընդամենը հարաբերական առավելություն է, որովհետև լինել առաջատար դեռևս չի նշանակում ունենալ խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու հնարավորություն։
Երկրորդ տեղում գործարար, «մեր ձևով» եկեղեցուն ստատարելու հայտարարության համար կալանավորված Սամվել Կարապետյանի և նրա կողմնակիցների կողմից ստեղծվող նոր քաղաքական ուժն է։ Ճիշտ է՝ ֆորմալ առումով նրանք դեռ որևէ կուսակցություն չեն ստեղծել կամ գրանցել, բայց հասարակության ընդդիմադիր հատվածի մոտ կա դրական սպասում, որ Սամվել Կարապետյանը՝ ունենալով գործարարի և կառավարչի փորձ, կարող է դառնալ փոփոխությունների նախաձեռնող և իրականացնող։ Հարցվածների 13,5 տոկոսը պատրաստ է քվեարկել նոր ձևավորվող ուժի օգտին։
Երրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է, որի օգտին քվերկել պատրաստվողները տոկոսային հարաբերակցությամբ կազմում են մոտ 6,4 տոկոս։ Եթե նույնիսկ նկատի ունենանք, որ հարցման կազմակերպիչները մեզ համար անհայտ պատճառներով «Հայաստան» դաշինքից առանձնացրել են դրա հիմնական մաս հանդիսացող Հայ հեղափոխական դաշնակցությանը, որն ունի ընդամենը 1,1 տոկոս վարկանիշ, միևնույն է՝ այս ուժի հանրային վստահության մակարդակի անկումը շատ էական է։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքը ստացավ 21 տոկոս՝ գրավելով երկրորդ տեղը։ Վարկանիշի նման անկումը միանգամայն բացատրելի է. այն ընտրողները, ովքեր ձայն էին տվել «Հայաստան» դաշինքին, հույս ունեին, որ դաշինքը կիրականացնի իր նախընտրական խոստումը՝ իշխանափոխության իրականացումը։ Սակայն անցած չորսուկես տարիները ցույց տվեցին, որ խորհրդարանական փոքրամասնության տված հնարավորությունները թույլ չեն տալիս սահմանադրական ճանապարհով անվստահություն հայտնել իշխանությանը և նրա ղեկավարին, իսկ փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության փորձերը ամեն անգամ բախվում են իշխանության կողմից բիրտ ուժի կիրառմանը։
Գուցե անակնկալ, գուցե շատ տրամաբանական է, որ չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ գրեթե չորս տոկոս վարկանիշով։ ԲՀԿ-ն իր ստեղծման պահից շուրջ 20 տարի եղել է Հայաստանի քաղաքական կյանքի առաջատար ուժերից մեկը, և եթե չհաշվենք 2021 թվականի ընտրությունները՝ մշտապես ներկայացված է եղել խորհրդարանում։ Անգամ 2021 թվականին ԲՀԿ-ն ստացավ 4 տոկոս, և ընդամենը մեկ տոկոս չբավարարեց խորհրդարան անցնելու համար։ Հարցումները ցույց են տալիս, որ ԲՀԿ էլեկտորատն անցած տարիների ընթացքում մնացել է կայուն՝ ամենակայունը մնացած բոլորի հետ համեմատած։
Հինգերորդ տեղում «Պատիվ ունեմ» դաշինքն է՝ կազմված «Հայրենիք» և ՀՀԿ կուսակցություններից։ Այս դաշինքի վարկանիշը ևս 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած էականորեն նվազել է. 2021 թվականին այս դաշինքը ստացավ 6 տոկոս, և չնայած չէր հաղթահարել դաշինքի համար անհրաժեշտ 7 տոկոսի շեմը, բայց երրորդ ուժը լինելու իրավունքով հայտնվեց խորհրդարանում։ Հիմա ընտրողների միայն 3,4 տոկոսն է պատրաստ քվեարկել այս դաշինքի օգտին։ «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի անկումը նույնպես կապված է ընդդիմությունից հասարակության չիրականացած սպասումների հետ, ինչպես «Հայաստան» դաշինքի դեպքում։
Մյուս կուսակցություններին և նրանց վարկանիշներին իմաստ չունի անդրադառնալ, որովհետև դրանք, ըստ էության, այնքան փոքր հանրային վստահության ռեսուրս ունեն, որ դժվար թե կարողանան հաղթահարել անցողիկ շեմը։
Մեր համար ավելի կարևոր է այլ ցուցանիշ. հարցվածների մոտ 20 տոկոսը հայտնել է, որ չի պատրաստվում որևէ ուժի օգտին քվեարկել, 5 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 16 տոկոսից մի փոքր ավելն ասել են, որ դժվարանում են պատասխանել։ Սա նշանակում է, որ ընտրողների առնվազն 40 տոկոսը և դրանից էլ մի փոքր ավելը չկողմնորոշված է՝ չի վստահում քաղաքական ուժերից որևէ մեկին, ընտրություններից որևէ ակնկալիք չունի։ Հնարավոր է՝ այդ չկողմնորոշված մարդկանց շահագրգռել, ցույց տալ, որ հենց ընտրություններն են երկրի իրական վիճակը փոխելու միակ արդյունավետ և օրինական ճանապարհը։ Իհարկե, հնարավոր է։ Դրա համար պետք է, որ քաղաքական ուժերը ներկայացնեն փոփոխությունների իրատեսական ծրագիր, ունենան նոր ասելիք, այնպիսի լուծումներ, որոնք շարքային մարդու մոտ հավատ կառաջացնեն՝ հավատ ոչ միայն ծրագրի, այլ դրա կատարողների մոտ։ Որովհետև մարդիկ հավատում են ոչ միայն բառերին, խոսքերին, այլև դրանց հեղինակներին, հավատում են նրանց, ովքեր իրենց գործունեության ընթացքում ցույց են տվել, որ սովոր չեն դատարկ խոստումներ տալ, բայց չգործել։ Մարդիկ հոգնել են դատարկ լոզունգներից, դիմակայության և ընդհարման տանող կոչերից, մարդիկ ուզում են երկրի և իրենց կյանքը փոխելու նոր լուծումներ և այդ լուծումներն իրականացնելու ընդունակություն ունեցող մարդկանց։
ArmLIfe.am