Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ փետրվարի 18–ին, Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։
«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը NEWS.am–ին հայտնեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Նրանցից 2–ի կյանքին, հնարավոր է՝ վտանգ է սպառնում։ Այս պահին վիրահատարանում են, չեմ մարող ավելի ստույգ ասել՝ կյանքին վտանգ կա, թե ոչ։ Չեմ կարող նաև հստակ ասելէ՝ վնասվածքները կրակոցներից է, թե ծակած–կտրած վերքեր են։ Ավելի շատ կրակոցի են նման»։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների, «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Այս առնչությամբ, ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնեցին. «ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։




