Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողներին մեղադրեց ստելու մեջ: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց ՈՒՖԵԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ՀՖՖ նախագահի աշխատավարձի մասին: Արմեն Մելիքբեկյանին հարցը դուր չեկավ: Նրան նաեւ զայրացրեց իր հրաժարականի մասին բազմաթիվ հարցերը, որոնց այլեւս չցանկանկացավ անդրադառնալ:
«Իմ աշխատավարձը ՈՒԵՖԱ-ում 20.000 եվրո չէ, չեմ կարող հրապարակել, թե որքան է, կոնֆիդենցիալ է: Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկությունը: Ստում եք: Այն լրատվամիջոցները, որոնք այդ մասին գրում են, փաստարկված չի: Եթե դա ասում է Արթուր Սողոմոնյանը, սուտ է: Առհասարակ, Արթուր Սողոմոնյանի կողմից ասված յուրաքանչյուր խոսք, սուտ է եւ ոչ հիմնավոր: Նա չի կարող որեւէ ճիշտ խոսք ասել հայկական ֆուտբոլի մասին: Այս ամենը փոքրիկ մանիպուլյացիաներ են:
Ես արդեն խոսեցի եւ ներկայացրեցի իմ տեսակետը հրաժարականի մասով, այլեւս չեմ ցանկանում դրան անդրադառնալ: Նաեւ չեմ ցանկանում այլեւս խոսել Վրաստանի հետ խաղերի մասին: Ես ամեն օր մտածում եմ այդ երկու խաղերի եւ արդյունքների մասին»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը: