«Արդյո՞ք կորցրել ենք մեր դուխը». Նիկոլ Փաշինյան

Մենք ստեղծել ենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության համակարգ, այս համակարգերը այլևս Հայաստանի իրավակարգի անբաժանելի մաս են, որպես ինստիտուտ, որը գողացված գույքերի վերադարձի գործընթացը դուրս է դնում էմոցիաների և քաղաքական նպատակահարմարությունների դաշտից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարող մեծամասնությունը ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ պետության և ժողովրդի համար ստեղծելը համակարգ, որը գործելու է ընդմիշտ։ Իսկ միթե թալանված այս ընթացքում ցաք ու ցրիվ չի լինում, ցաք ու ցրիվ չեն անում։ Ոչ, որովհետև ավելի քան 1.7 միլիարդ դոլարի առերևույթ ապօրինի ձեռք բերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ և դա հնարավոր չէ օտարել։ Իսկ այն մասը, որը նույնիսկ այս պահին կալանքի տակ էլ չէ, էներգիայի պահպանման օրենքի տրամաբանությամբ, եթե գումար է, պետք է դառնա գույք, եթե գույք է, պետք է դառնա գումար կամ բաժնեմաս, և հենց դրա համար է ստեղծվել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որ այդ գույքերը տեղորոշի, գտնի, ապացուցի ու վերադարձնի պետությանն ու ժողովրդին, եթե նույնիսկ դա ձևակերպված է այլ դրածո անձանց անունով, եթե նույնիսկ դա թաքցնելու տարբեր մանիպուլյատիվ սխեմաներ են գործարկվում։

Բայց, մի րոպե, ինչու՞ ենք այսքան զգույշ. Ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը։ Մենք արդյո՞ք կորցրել ենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե՞ վախենում ենք նրանցից։ Ոչ ամենևին։ Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն, այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել։

Այնքան կմեծացնի նման գործողությունը և տրամաբանությունը արտաքին անվտանգության մեր առանց այն էլ առկա խոցելիությունները, որ նման ճանապարհով գնալը կնշանակեր գործել ընդդեմ պետական շահի։ Մենք չենք գնում այդ ճանապարհով և իրականացնում ենք հեղափոխության ժամանակ մեր տված վենդետա չիրականացնելու, օրենքի և իրավունքի գերակայություն հաստատելու, Հայաստանը օրենքի և օրինականության երկիր դարձնելու և թալանվածը վերադարձնելու մեր խոստումները»,- հայտարարեց Փաշինյանը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։