Արծվիկ Մինասյանին ասել են հանգիստ նստիր տեղդ, չի նստել, եկել եք հետևից. Թադևոս Ավետիսյան

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։ Խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը առաջարկով հանդես եկավ՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․ «Առաջարկում եմ «քրեական» բառը փոխարինել «քաղաքական»-ով։ Թող ստացվի, որ Արծվիկ Մինասյանը պետք է ենթարկվի քաղաքական հետապնդման։ Այդ դեպքում վերնագիրը լիարժեք կհամապատասխանի բովանդակությանը»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ նման փոփոխության դեպքում կողմ կքվեարկի միջնորդությանը։ Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով քաղաքական հետապնդումներին, ասաց․ «Ստացվում է՝ ով չի հետևի «հանգիստ տեղը նստելու» իշխանական հորդորին, իր տեղը կգտնի, իր կամքից անկախ, այլ հանգիստ պայմաններում, բայց՝ ՔԿՀ-ներում»:
Հիշեցնենք՝ Արծվիկ Մինասյանին ու «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել նույն գործի շրջանակներում, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն: Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։
Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։ 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ինչպես նաև՝ հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, տեղեկացված լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ, միջոցներ չի ձեռնարկվել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ: Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ, որի արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս. Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։