Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր
Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է:
Այս տարի՝ 2025 թվականին, հայերը երկրորդ տարին է, ինչ նշում են Արցախի անկախության օրն առանց Արցախի, արցախցիներն՝ իրենց հայրենիքից հեռու։
1991 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում։
1991 թվականի ապրիլից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում Արցախի հերոսական ժողովուրդը դիմակայեց ադրբեջանա-խորհրդային «Օղակ» օպերացիային, 1992-1993 թվականների ամենադժվարին ժամանակներում իրականացրած փայլուն ռազմական գործողությունների և հաղթանակների միջոցով, իսկ 1994 թվականի մայիսին հաստատագրված հաղթանակից հետո, որը կերտվեց հազարավոր հայրենակիցների արյան ու մահվան, անհավանական դժվարությունների ու փորձությունների գնով, Արցախը կանգնեց խաղաղ ու կայուն զարգացման ուղու վրա։
Սակայն, 5 տարի առաջ Ադրբեջանը կրկին լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, որը կանգնեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչի արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Արցախի անվտանգության ամբողջ գոտին։ Եվ արդեն երրորդ անգամ՝ 2023 թվականի սեպտեմբերի
19-ին, Ադրբեջանը նորից հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ցավալիորեն, այս անգամ այն ավարտվեց ավելի քան 150 հազար արցախցիների տեղահանությամբ և իրենց հայրենի հողերից բռնի տեղահանմամբ։
Ադրբեջանը, որպես Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած սուբյեկտ, խաղաղության մասին ամպագոռգոռ հայտարարություններով (Հայաստանի ծախու իշխանությունների հետ համատեղ) մոլորեցնելով միջազգային հանրությանը, որդեգրեց հայկական հետքը Արցախից վերացնելու քաղաքականություն։
Արցախի բռնազավթման և լիակատար հայաթափման պայմաններում մենք շարունակում ենք նշել այս պատմական օրը, քանի որ Արցախը ոչ թե անցյալ է, այլ մեր պատմական Հայրենիքը, որտեղ արցախահայությունն ապրել ու արարել է հազարամյակներ, արյամբ ու քրտինքով պաշտպանել է իր ինքնությունը, Հայրենիքի ավանդույթները:
Բռնությունն ի զօրու չէ ջնջել հիշողությունը և լռեցնել արդարության ձայնը։
Արցախի հարցը փակված չէ։
Արցախի անկախության օրվա հիշատակումը ևս մեկ ուղերձ է մեր ժողովրդին և մարդասիրական բարձր արժեքների համար պայքարող միջազգային հանրությանը՝ կոչ անելով արդյունավետ և գործուն ջանքեր գործադրել արդարության և ճշմարտության հաղթանակի, արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության, Արցախի բազմադարյա հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու բոլոր գերիների շուտափույթ ազատ արձակման, արցախցիների՝ իրենց պատմական հողեր վերադարձի համար:
Սիրելի արցախցիներ, հայրենակիցներ, մաղթում եմ Ձեզ համբերություն, խաղաղություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ, վստահ եղեք, որ կատարվածի մեղավորները հայտնի են անուն առ անուն, և վաղ թե ուշ նրանք կկանգնեն դատարանի առջև ու կկրեն իրենց արժանի պատիժը:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան