Նա տեղեկացրել է, որ Արմավիրի մարզպետ եղած ժամանակ ինքն է նկատողություն արել դպրոցի տնօրենին։
«Տեսչական մարմինը պարբերաբար խոշոր խախտումներ էր հայտնաբերում Սարդարապատի դպրոցի կառավարման եւ դպրոցի տնօրենի աշխատանքում: Կան տարբեր մասնագիտական հարցեր, տարբեր աշխատանքային հարցեր, եւ դրան գումարվեց նաեւ այն հանգամանքը, որ դպրոցի տնօրենը, չլինելով արձակուրդում, բացակայել էր Հայաստանի Հանրապետությունից»,- նշել է նախարարը։
Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ դրոշի շուրջ պատմությունը պարզապես «լավ պատրվակ» էր՝ թաքցնելու ազատման իրական պատճառը՝ ի ցույց դնելով սեփական հայրենասիրությունը։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը օրերս հրաժարական է տվել՝ «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհաննելու համար։
«Դրոշը տրվել է Սարդարապատի՝ Արցախի Հադրութի շրջանից եկած աշակերտներին՝ որպես երախտագիտության նշան այն քաղցրավենիքի համար, որը դպրոցականներն ուղարկել էին Հադրութի զինծառայողներին ե՛ւ ապրիլյան պատերազմի, ե՛ւ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրանք գրել են իրենց անունները դրոշի վրա եւ ուղարկել երեխաներին։
Սակայն Փաշինյանի հակաարցախյան քաղաքականության եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից դպրոցներին ուղարկված շրջաբերականի արդյունքում դպրոցի աշխատակազմը հայտնվել է ընտրության առաջ. կամ հանել Հերոսների անկյունը, ներառյալ դրոշը, կամ տնօրենը պետք է ազատվի։
Սկզբում Արմավիրի փոխմարզպետը դպրոց է գնացել որպես սուրհանդակ, բայց չի կարողացել ճնշում գործադրել Կարինե Սմբատյանի վրա եւ դատարկաձեռն հեռացել է։ Այնուհետեւ մարզպետ Վահրամ Խաչատրյանն անձամբ այցելել է դպրոց եւ տնօրենին ընտրության առաջ կանգնեցրել՝ կամ հանել դրոշը, կամ ազատվել։ Սմբատյանն ընտրել է երկրորդը»,- գրել է թերթը։





