Search
Close this search box.

Արցախցիները պետք է ապրեն իրենց հողի վրա և սիրով մշակեն այն. Արշակ Կարապետյանի ուղերձը

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, սիրելի՛ արցախցիներ,
Արցախի անկախությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: Այս հիշարժան օրվան նախորդել են ադրբեջանական ագրեսիային դիմակայելու տարիները, բազմաթիվ զոհերը և զանգվածային ու էթնիկ զտումները: Արցախցիներն իրենց անկախության համար շատ բարձր գին են վճարել։ Բայց այսօր, առաջին անգամ, արցախահայությունն այս կարևոր օրը դիմավորում է ոչ թե իրենց հայրական գողտրիկ օջախներում, այլ օտարության մեջ:

Հարգելի արցախցիներ, այսօր Ձեզ հետ միասին ապրում եմ կորստի դառնությունը և իմ պարտքն եմ համարում խորին ցավակցությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ներկայիս ղեկավարության ոչ կոմպետենտ և դավաճանական գործողությունների արդյունքում ստիպված լքել են իրենց հայրենիքը, ցեղասպանության սպառնալիքի տակ լքել իրենց նախնիների հողը՝ զրկվելով նրանց գերեզմաններ այցելելու հնարավորությունից: Սա իսկական ողբերգություն է արցախցիների, նրանց երեխաների, բոլոր հայերի համար։ Արցախի Հանրապետության շատ արժանավոր զավակներ մինչ օրս առանց որևէ պատճառի տանջվում են ադրբեջանական բանտերում, իսկ վախկոտ ռեժիմը վախենում է անգամ հիշատակել այդ մասին։

Կատարվածի մեղավորները հայտնի են ։ Նրանք վաղ թե ուշ կրելու են իրենց արժանի պատիժը։ Մենք թույլ չենք տա մոռանալ այդ մասին։
Այսօր արցախցիներն ապրում են իրենց օջախները վերադառնալու մտքերով և հույսով։Անշուշտ, Արցախի բնիկ ժողովուրդը կվերադառնա իր պատմական տարածքներ, որոնք պահպանում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քրիստոնեական մշակույթի մեծ ժառանգությունը։ Մենք կվերականգնենք արդարությունը։ Արցախցիները պետք է ապրեն իրենց հողի վրա և սիրով մշակեն այն, պետք է իրավունք ունենան աղոթել իրենց նախնիների ձեռքով կառուցված տաճարներում։
Ոչ մի փորձություն, դառը կորուստ ու դժվարություն չի կոտրի Արցախի ժողովրդի ոգին ու հպարտությունը։ Մենք ձեզ հետ միասին հավատում ենք ապագային և հավատում ենք մեր Հաղթանակին։ Մենք հավատում ենք արդարության հաղթանակին և ամեն ինչ կանենք դրա համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ Արցախցիներ, մաղթում եմ Ձեզ համբերություն, խաղաղություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ, առողջություն, երջանկություն և խաղաղ երկինք:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան