«Genesis Armenia»-ի հայտարարությունը Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ․
«Արցախի հավաքական վերադարձը անհրաժեշտ է դարձնել պետական քաղաքականության առաջնահերթություն
Այսօր, երբ արցախահայությունը բռնի տեղահանված է, Հայաստանի առաջնային խնդիրն այլևս միայն հիշողության պահպանումը չէ, այլ՝ վերադարձի գործնական կազմակերպումը։ Արցախի անկախության իրավունքը չի կարող կասկածի տակ դրվել․ այն ամրագրված է միջազգային իրավունքի հիմունքներով և ապահովված է ժողովրդի կամարտահայտությամբ։
Genesis Armenia ուղեղային կենտրոնը մշակել է հավաքական տունդարձի համապարփակ ծրագիր, որը ներառում է իրավական, քաղաքական, անվտանգային և մարդասիրական քայլերի համակարգ։ Այս ծրագիրը պետք է դառնա համազգային օրակարգ և գործադրվի պետական մակարդակով։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը դադարեցնել պարտվողական և պառակտիչ մոտեցումները և Արցախի վերադարձը դարձնել պետական քաղաքականության առանցք։
Իսկ միջազգային կառույցները պետք է դուրս գան հերթապահ հայտարարություններից և գործնական քայլերով աջակցեն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձին։
Արցախի վերադարձը պարզապես պատմական արդարության վերականգնում չէ։ Այն մեր ապագայի, պետականության և ինքնության պահպանման ճանապարհն է, որի ուղղությունը չպե՛տք է փոխել և ոչ մի պարագայում»։