Search
Close this search box.

«Արարատ Միրզոյանի խոսքերը ոչ այլ ինչ են, քան մաքուր թուրքական քաղաքականության ընդունում»․ Դավիթ Կարապետյան

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արարատից Արաբատ…
Հայաստանն ունի արտգործնախարար, որն իր էությամբ շատ անկեղծ, ազնիվ երիտասարդ է:
Այնքան անկեղծ ու շիտակ, որ վերջինիս մասին լսում ենք այնպիսի հնչեղ մեղադրանքներ ու պարադոքսալ սենսացիաներ, որոնք կարծես օրեցօր հիմնավորվում են:
Ողիղ երկու տարի առաջ հրապարակվեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՀՀ գործող արտգործնախարար Միրզոյանը կրկնակի գործակալ է:
Նա մեղադրվեց Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու, ապա ՀՀ հատուկ ծառայությունների կողմից դա բացահայտվելուց հետո՝ նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործակալ դառնալու մեջ:
Ըստ հրապարակած փաստաթղթի՝ նա իր ձեռքով գրություն է գրել այն մասին, որ համաձայնություն է տալիս իր հնարավորությունների սահմաններում աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:
Փաստաթուղթը ստորագրված է 07.11.2007թ-ին: Նշված էր նաև Արարատ Միրզոյանի գործակալական ծածկանունը՝ «Օմեգա»:
Այդժամ չուշացավ Միրզոյանի արձագանքը: Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում նա գրեց, որ հրապարակված փաստաթուղթը ցնդաբանությունն է, և այն պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի, իսկ հրապարակողը պատասխան տա սուտ մատնության համար:
ԱԱԾ-ն ևս մերժեց տեղեկատվության իսկությունը, բայց տարօրինակ կերպով Միրզոյանի գրառմանն ու ԱԱԾ տարածած հաղորդագրությանը ոչինչ չհետևեց:
Քրեական գործ հարուցելու մասին այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ:
Մառազմն էլ այն էր, որ վեց ամիս անց՝ 2021թ. հունիսի 21-ին, Արարատ Միրզոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անձամբ հաստատեց այն, ինչ գրված էր հրապարակած փաստաթղթում՝ ասելով, որ
«ՀՀ ԱԱԾ-ն ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի առաջարկել է աջակցել իրենց նշված օրակարգով:
Եվ ես, բնականաբար, անկախ օրվա քաղաքական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որպես ուղղակի հայրենասեր մարդ ու մասնագետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել հենց այս հարցով օժանդակելու մեր անվտանգության ծառայությանը:
Եվ այստեղ տարակուսանքը հետևյալում է.
Ինչպե՞ս էր վերջինս ՀՀ-ին օժանդակելու իր ցանկությունը հայտնել. գնացել, ԱԱԾ դուռը ծեծել էր ու ասել, որ ցանկանում է օժանդակե՞լ, թե՞ ԱԱԾ ընտրությունը նրա վրա էր կանգ առել, ու ինքն էլ չէր հրաժարվել:
Բայց այդ դեպքում ինչո՞ւ էր ԱԱԾ ընտրությունը հենց կանգ առել Արարատ Միրզոյանի վրա, ինչպե՞ս և կարևորը՝ ինչո՞ւ էր նա հայտնվել ԱԱԾ տեսադաշտում:
Դրա պատասխանը մենք դեռևս չունենք և այս պարագայում իմաստազուրկ է դառնում նաև ԱԱԾ-ից ու Գլխավոր դատախազությունից հարցնել, թե որտե՞ղ է քրեական գործը:
Ընդ որում, նրա անվան շուրջ են պտտվում նաև Ցեղասպանության թանգարանից կարևորագույն փաստաթղթերի անհետացումը, առավել ևս, որ վերջինս թույլտվություն է ունեցել աշխատել արխիվային փաստաթղթերի հետ:
Եվ այսօր Արարատ Միրզոյանը հանդես է գալիս մի սենսացիոն հայտարարությամբ:
«Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ 1 առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ։
Պատմության ողբերգական էջերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները:
Սա արտաքին քաղաքականության և դիվանագիտության խնդիր չէ»:
Այս խրոխտ երիտասարդն այն բացառիկն ու միակը պետք է լիներ, որ իրեն թույլ տար նման հայտարարությամբ ապականել ցեղասպանության մասով այսքան տարիների որդեգրած քաղաքականության ուղեգիծը:
Վերջինս այն միակը պետք է լիներ, որ տառացի ցիտեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
2010 թվականի մարտի 29-ին էր, երբ Էրդողանը հայտարարեց, որ «2005 թվականին նամակ է գրել այն ժամանակվա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում ասվել է, որ դա մի հարց է, որի ուսումնասիրմամբ պետք է զբաղվեն պատմաբանները, ոչ թե մեզ նման քաղաքական գործիչները։
Թուրքական արխիվներում այդ հարցի շուրջ միլիոնավոր փաստաթղթեր կան և եթե ձեր երկրում էլ կան արխիվներ, բացեք դրանք:
Եթե պատմաբանները չկարողանան բավարար չափով լույս սփռել տեղի ունեցած իրադարձությունների վրա, թող նրանց ջանքերին միանան իրավաբանները, քաղաքագետներն ու հնէաբանները»։
Զավեշտալին այն է, որ անգամ Էրդողանն էր առաջարկել, որ ցեղասպանության հարցով պատմաբաններից զատ ներգրավեն իրավաբաններին ու քաղաքագետներին, որ խնդիրն այդուհանդերձ իրավաքաղաքական ասպեկտ ունի, և որ վերջիվերջո տրվելու է քաղաքական ու իրավական գնահատական:
Բայց արի ու տես՝ Արարատ Միրզոյանն այսօր բավական չէ, որ կրկնում է էրդողանական թեզն ու նարատիվը, միաժամանակ որևէ խոսք չի ասում հարցի իրավաքաղաքական լինելու մասին:
Ավելին՝ սահմանափակվում է այն զուտ պատմաբանների մակարդակով դիտարկելուն և հարցին առաջնահերթություն չտալուն:
Ասել կուզեմ, որ սա մաքուր թուրքական փաստարկ է, միայն թե վերջինս մոռանում է, որ ցեղասպանությունը լոկ պատմական փաստ չէ, այլ առաջին հերթին՝ իրավական։ Իսկ այդ ոճրագործությունը հաստատված է թուրքական դատական ակտերով:
Ես իհարկե չգիտեմ, թե Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է, թե ոչ, բայց այն, ինչ նա ասաց, կասեր միայն կոլաբորացիոնիստ, Էրդողանի կողմից հավաքագրված և արդեն բացահայտ թշնամու կողմն անցած, թշնամու շահերն ու օրակարգը սպասարկող գործակալը:
Տարիներ շարունակ այսպիսի ձևակերպումներ օգտագործում էր բացառապես թուրքական կողմը:
Միրզոյանի այս խոսքերը ոչ այլ ինչ են, քան մաքուր թուրքական քաղաքականության ընդունում և ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու մեկնարկ:
Չնայած նորություն չէ և զարմանալի չէ, քանի որ այս վարչակարգը Հայոց Ցեղասպանությունն առհասարակ կասկածի տակ է դրել:
Որ Ցեղասպանության ուրացման պետական քաղաքականությունը գործնական փուլ է մտել:
Հայաստանի բարձրագույն իշխանությունը դարձել է Էրդողանի և Ալիևի ներկայացուցիչը Հայաստանում և հերթով կատարում է նրանց կամքն ու քմահաճույքները, մինչև անգամ հայության համար գերզգայական հարցերում, ինչպիսին ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն է։
Այս «մարդկանց» կարծիքով 1.5 միլիոն հայ սպանելը «պատմության անցք է»:
Այս «մարդկանց» բնավ չի հետաքրքրում, որ սա պետական մակարդակով անարգանք է միլիոնավոր նահատակների հիշատակին։
Որ այն ուղղակիորեն ոտնահարում է հայ ժողովրդի հավաքական կամքն ու պատգամը Հայաստանի բոլոր իշխանություններին՝ միջազգայնորեն ճանաչելու և դատապարտելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։
Որ այն նսեմացնում է Հայոց Ցեղասպանության նշանակությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, և հարցականի տակ է դնում աշխարհի տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։
Որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նպատակը դրա կրկնությունը թույլ չտալն է, իսկ ճանաչումից ու դատապարտումից պետականորեն հրաժարումը՝ նոր ոճիրների առաջ դուռ բացելն է։
Եվ ի՞նչ է հաջորդելու այս հայտարարությանը:
Չի բացառվում, որ կլսենք այնպիսի արտահայտություններ, ինչպիսինն է՝ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը Խորհրդային կայսրության նախաձեռնությունն էր, որ այն արհեստական փաթաթան էր Թուրքիայի վզին, որ այն նաև մեր վզին է փաթաթան, որի պատճառով մեկուսացած ենք տարածաշրջանում, որ այն է կանխում Հայաստանի բարգավաճումը:
Առաջիկայում արագացված տեմպերով Ցեղասպանության թեման նախ այլափոխվելու, ապա շրջանցվելու է դպրոցական դասագրքերում (այդ գործընթացն արդեն մեկնարկել է):
Ապրիլի 24-ը դառնալու է սովորական աշխատանքային օր, իսկ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրն ու թանգարան-ինստիտուտն անթույլատրելիորեն փոփոխվելու են՝ ընդհուպ մինչև դրանց վերջնական չեզոքացումը:
Ամեն ինչ արվելու է հնարավորինս սահուն, աննկատ ու աստիճանաբար: Վերջնարդյունքում՝ Մեծ եղեռնի մասին խոսելը լինելու է այնքան անհարմար ու դատապարտելի, որքան այսօր Թուրքիայում է:
Ու մի օր էլ արթնանալու ենք առանց Ծիծեռնակաբերդի, ինչպես արդեն մոտ 2 տարի է՝ հանգիստ արթնանում ենք առանց Արցախի «Տատիկ-պապիկի»…
Ու՞մ ինչ ասես, ու՞մ ինչ բացատրես, եթե Արցախից հրաժարվողը ամեն ինչից կհրաժարվի:
Հերթը հասել է հայկական կոնյակին, «Շողակաթին», Բուհ-երը փակելուն:
Եվ այո, կային ժամանակներ, երբ կյանքն իր բազում դժվարություններով ու խնդիրներով հանդերձ՝ շատ ավելի երջանիկ էր ու իմաստավորված:
Մարդիկ շատ ավելի անհոգ էին, քան հիմա:
Չկար մտավախություն, որ ազերը ռիսկ կանի հարձակվել, ուր մնաց երկիրդ գրավի, բացեիբաց էլ խոսի Երևան հասնելու մասին:
Երբ խոսք անգամ չէր կարող գնալ ցեղասպանությունն ուրանալուն, այն մոռացության մատնելու մասին:
Հիմա այլ իրականություն է:
Այս մտավախությունները փաստացի իրականանում են:
Ավելին՝ կանգնել ենք գոյաբանական ու պետականակործանման, մեր վերջին հայրենիքի կորստի վտանգի առաջ:
Եվ դրա մեկնարկը տրվել է մեր երկրի ներսում:
Նախ՝ քարուքանդ անելով արժեհամակարգը, պղծելով ու ոչնչացնելով պետական ու ազգային ատրիբուտները:
Արդեն իսկ ազգային տոներն իմաստազրկված են, իսկ տոնական տրամադրության մասին խոսելն ավելորդ է։
Պատշաճ կերպով չի նշվում բանակի օրը, Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերի օրերը:
Փոխարենը թնդում է «հպարտ քաղաքացու» օրը:
Ինչևէ, ո՞րն ասեմ, որը թողնեմ:
Ցավս դարման չունի, մանավանդ երբ տեսնում եմ, թե ինչպես ժողովուրդը կոմայի ու թմբիրի մեջ՝ շարունակում է ապատիան ու հանդուրժողականությունը:
Կորցնում ենք հայեցիությունը մեր դիմագիծը, մեր պատմությունն ու արժեքները, հայե՛ր…
Ու՞ր է բանականությունդ, հա՛յ…
Դե իսկ հպատակվող, խղճահարություն և կարեկցանք ակնկալող խեղճուկրակների ու խաղաղություն մուրողների շքերթը շարունակվում է:
Խեղեք ամեն ինչ, դա է ձեր անելիքը»։