Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հռոմի պապ Լևոն 14-ի անձնական ներկայացուցչին՝ կարդինալ Ջորջ Կուվակատին կոչ է արել բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ լինել Բաքվում Ադրբեջանի իշխանությունների կողմից կալանավորված Արցախի քաղաքական և ազգային ղեկավարների շուտափույթ ազատ արձակման հրամայականին։ Տեղեկությունը հայտնում են Cilicia TV-ից։
«Շատ գոհ կլինենք, եթե Վատիկանը շարունակի միշտ հիշեցնել Ադրբեջանին և միջազգային հանրությանը՝ հայկական եկեղեցիների և պատմամշակութային կոթողների անվտանգ պահպանման կենսական կարևորությունը՝ համաձայն միջազգային օրենքի»,– ասել է Արամ Ա–ն։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը Նորին սրբություն անդրադարձել է նաև Վատիկանի և Ադրբեջանի միջև զարգացող հարաբերություններին և այդ շրջանակում Արցախի հայ ժողովրդի և նրանց պատկանող եկեղեցիների ու պատմամշակութային կառույցների նկատմամբ Ադրբեջանի մոտեցումներին ու քայլերին, որոնք երբեք չեն համապատասխանում ո՛չ պատմական, ո՛չ էլ ներկա իրականությանը։