«Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը հարկ է համարում անդրադառնալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ Հակակոռուպցիոն դատարանի դեռևս օրինական ուժի մեջ չմտած վճռին:
Քաղաքացիական գործը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության հայցին՝ ընդդեմ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի, կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներին: Խոսքը նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի մասին է: «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերության համար ակնհայտ է, որ վերը նշված դատական ակտը պայմանավորված է ռուսաստանաբնակ գործարար, ՌՀՄ նախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի գործունեությամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ շինարարական աշխատանքները, որոնց ձգձգման, դժվարությունների և խոչընդոտների հասցեատերերը, տևական ժամանակ է, վարչական մարմիններին են: Ինչպես նաև «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը հանդիսանում է օտարերկրյա ներդրող:
Ցավոք Հակակոռուպցիոն դատարանն այս գործով անտեսել է նշված օբյեկտիվ տվյալներն ամբողջությամբ և նախապատվություն է տվել առանց անհրաժեշտ իրավական հիմքերի՝ սեփականազրկման կամայական դրսևորմանը:
Ուշագրավ է, որ Դատարանի կողմից առաջ քաշված պատճառաբանությունները ոչ միայն չեն համապատասխանում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումների, Վճռաբեկ դատարանի պահանջներին, այլ՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված պահանջներին:
«Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է ոչ իրավաչափ դատական ակտը: