Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ քաղաքապետարանը նախապես պատրաստ է եղել առատ ձյան տեղումներին, սակայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի շարժակազմը բազմաֆունկցիոնալ տեխնիկայի տեսանկյունից բավարար չէ նման իրավիճակներում լիարժեք աշխատանք կատարելու համար և պետք է հիմնարկը համալրել տարբեր տրամաչափի բազմաֆունկցիոնալ մեքենաներով․ «Արվել է առավելագույնը, որպեսզի քաղաքը զերծ պահենք դժվարություններից, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով փետրվարի 21-ի ժամը 18։00-ից մինչև 22։30 ունեցել ենք խցանումներ, դժվարանցանելի ճանապարհներ։ Պատճառները եղանակի կտրուկ փոփոխությունն էր, ձյան առատ տեղումները։ Համակարգը նախապես պատրաստ էր, սական խցանումների պատճառով ԵԱՍՄ տեխնիկան հայտնվել է խցափակումների մեջ և չի կարողացել ժամանակին հասնել փողոցներ: Հաջորդ օրերին ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են»,- ասաց Արեյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց խցանումների առաջացման հիմնական պատճառների մասին․ «Խցանումների առաջացման ուղիղ 80%-ը ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով էր։ Իրար թեթև քսած մեքենաները ժամերով սպասում են՝ երթևեկությունը կանգնեցնելով․ ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է»,- ասաց Ավինյանը: