«Թրամփի ուղու» շուրջ դետալները հստակեցվելու են Հայաստանի և ԱՄՆ–ի պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իսկ ադրբեջանական կողմի հետ կան ընդհանուր պատկերացումները և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, իրավազորության ներքո անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով»,–ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ ի տարբերություն Ադրբեջանի, փաստաթղթում Հայաստանի վերաբերյալ հատվածում չկա «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպումը, Միրզոյանը պատասխանեց. «Իսկ անխոչընդոտն ի՞նչ է, տասնյակ կոնվենցիաներ ու միջազգային փաստաթղթեր կան, որտեղ այդ նույն անխոչընդոտի վերաբերյալ Հայաստանը ունի պարտավորություններ։ Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ»։
Խոսելով ընդդիմության կողմից ներկայացվող քննադատությանը, նա խորհուրդ տվեց չլսել դրանք. «Մենք պայմանավորվել ենք նրա շուրջ, ինչը գրված ու հրապարակված է, մնացած բանավոր մեկնաբանություններն էական չեն։
Մենք ինչպես նախաստորագրելու պահին, ինչպես դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցված էր մարտի կեսերին, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ սկսել ստորագրման տեղի ու վայրի վերաբերյալ խորհրդակցությունները։ Հիմա էլ պատրաստ ենք»։