Կապանում պարեկային ծառայության Սյունիքի գումարտակի ծառայողական մեքենաներից մեկը բախվել է մեկ այլ մեքենայի, տուժածներ չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` մեկնաբանելով քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը։
Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ոստիկանությունը դեռևս տեղեկություն չի տարածել այսօր Կապանի օդանավակայանի մոտ ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի «Լեքսուսների շարասյունն ուղեկցող» պարեկային ծառայության մեքենայի վթարի և դրա հետևանքների մասին։ Նրա խոսքով` վթարից հետո Աննա Հակոբյանի շարասյունը չի կանգնել վթարի ենթարկվածներին օգնություն ցուցաբերելու համար։
«Վթարի վնասը միայն նյութական է։ Կոչ ենք անում անհարկի շահարկումներ չանել»,–ասաց Սարգսյանը։
Նա շեշտեց, որ ՆԳՆ–ն երբեք միայն նյութական վնասով վթարների վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։