Պաշտոնական աղբյուրները չեն հաստատում Անիի մայր տաճարի՝ մզկիթի վերածման պնդումները

Հերքում/պարզաբանում

Հայկական լրատվամիջոցներում հուլիսի 3-ից մեծ տարածում է ստացել մի տեղեկություն, թե Թուրքիայի Կարս նահանգում գտնվող պատմական Անիի մայր տաճարը վերանորոգումից հետո կվերաբացվի որպես մզկիթ։

Լուրի սկզբնաղբյուրը Ermenihaber.am կայքն էր, որը հղում էր արել թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությանը։ Այս պնդումը արտատպել են տասնյակ հայկական լրատվամիջոցներ՝ Factor.amAravot.amNews.amPan.amMamul.amYerevan.Today168.amAysor.am և այլ կայքեր։

#CivilNetCheck-ը գնացել է պնդման հետքերով:

Ի՞նչ է իրականում հայտարարել թուրքական կողմը

Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության հուլիսի 3-ի հրապարակումը ներկայացնում է Անիի մայր տաճարում դեռ 2022 թվականից ընթացող վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի (World Monuments Fund – WMF) համագործակցությամբ։ Նյութում նշվում է, որ հուշարձանը կառուցվել է որպես եկեղեցի Բագրատունյաց թագավոր Սմբատ Բ-ի օրոք և վերածվել է իսլամական աղոթավայրի 1064 թվականին։

Սակայն Anadolu-ի հոդվածում որևէ նշում չկա, թե տաճարը կրկին կգործի որպես մզկիթ։ Նյութում հստակ ասվում է, որ շինությունը վերանորոգումից հետո «կբացվի այցելուների համար»։ Նույն ձևակերպումն է օգտագործվել նաև թուրքական այլ հայտնի՝ Daily Sabah և Turkiye Today լրատվական կայքերում:


Էկրանապատկերում՝ թուրքական Anadolu-ի հուլիսի 3-ի հոդվածը

 

Կարևոր է նշել, որ թուրքական լրատվամիջոցները կառույցն անվանում են «Fethiye Camii» («Նվաճման մզկիթ»)՝ պատմական հիշատակությամբ, քանի որ 1064 թվականին սելջուկյան զորավար Ալփ Արսլանը հենց այստեղ է կատարել Թուրքիայի ներկայիս տարածքում առաջին ուրբաթօրյա աղոթքը։ Այս անվանումը, սակայն, վերաբերում է միայն տվյալ ժամանակաշրջանի կրոնական գործածությանը, այլ ոչ թե ներկա կարգավիճակի փոփոխությանը։


Նկարում՝ Անիի մայր տաճարի ընդհանուր տեսքը 2025-ի հուլիսի դրությամբ. Աղբյուր՝ Anadolu

 

Բացի այդ, թուրքական լրատվամիջոցները, հիշատակելով տաճարի քրիստոնեական ծագումն ու դրա ճարտարապետ Տրդատին, չեն նշում, որ թե՛ կառույցը, թե՛ ճարտարապետը հայկական ծագում ունեն։ Նշենք, որ Տրդատը հայտնի է նաև Կոստանդնուպոլսի (ներկայիս Ստամբուլի) Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) բյուզանդական տաճարի գմբեթի վերականգնման աշխատանքներով, որը Թուրքիայի իշխանությունները 2020-ին վերածեցին մզկիթի։

Պաշտոնական փաստաթղթերը հերքում են մզկիթի վերածման պնդումները

Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի պաշտոնական կայքում, որը համաֆինանսավորում է վերանորոգման աշխատանքները, նախագիծը ներկայացված է որպես «հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցի» վերանորոգման և պահպանման ծրագիր, որի նպատակն է հուշարձանը վերածել «մատչելի տուրիստական վայրի»՝ առանց որևէ հիշատակման կրոնական գործառույթի մասին։

Ավելին, 2024 թվականին UNESCO-ին ներկայացված Թուրքիայի պաշտոնական հաշվետվությունում նշվում է միայն պահպանմանն ուղղված աշխատանքների մասին՝ առանց տաճարի գործառույթի փոփոխության որևէ հիշատակման։ UNESCO-ի կանոնակարգով նման փոփոխությունները պահանջում են առանձին միջազգային համաձայնեցում, ինչը ներկա պահին չի նախաձեռնվել։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Անիի հնավայրը ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչը ենթադրում է միջազգային վերահսկողություն և մշակութային արժեքների պահպանման հատուկ պարտավորություններ։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակված 2024 թվականի հաշվետվությունում նշվում է, որ Անիի մայր տաճարի վերականգնումը իրականացվում է երեք փուլով: Ներկայում ընթացող երկրորդ փուլը, որը մեկնարկել է 2022-ի հոկտեմբերին և նախատեսվում է ավարտել 2025 թվականի հոկտեմբերի 17-ին, վերաբերում է բացառապես «պահպանական միջամտություններին», առանց գմբեթի վերակառուցման կամ ծածկույթի փոփոխության որևէ հիշատակման։


Էկրանապատկերում՝ Թուրքիայի նախարարության հաշվետվությունը Անիի տաճարի պահպանման աշխատանքների մասին (թարգմանված է թուրքերենից)

 

#CivilNetCheck-ը հարցումներ է ուղարկել ինչպես Համաշխարհային հուշարձանների հիմնադրամին, այնպես էլ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ ճշտելու Անիի մայր տաճարի վերականգնման ծրագրի լրացուցիչ մանրամասները։ Պատասխանները ստանալուն պես դրանք կներկայացնենք:

Վերականգնումը չի նշանակում կրոնական գործառույթի փոփոխում

Վերջին տասնամյակներում Թուրքիայում մի շարք հայկական եկեղեցիներ վերանորոգվել են, սակայն չեն վերածվել մզկիթների։ Օրինակ՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգվելուց հետո վերաբացվել է որպես հայկական եկեղեցի, իսկ Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին գործում է որպես թանգարան։

Մյուս կողմից, 2020 թվականին Ստամբուլում գտնվող՝ բյուզանդական ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Սոֆիայի տաճարը, որն ավելի քան 80 տարի գործել էր որպես թանգարան, վերափոխվեց մզկիթի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած որոշումով։

2013 թվականին Տրապիզոնի Սուրբ Սոֆիայի եկեղեցին էլ, որը նախկինում նույնպես ծառայել էր որպես թանգարան, վերածվեց մզկիթի։ 2020-ին նույնը տեղի ունեցավ Ստամբուլի Խորայի եկեղեցու (Chora Church) հետ, որը 2024-ին պաշտոնապես վերաբացվեց իսլամական աղոթատեղիի կարգավիճակով։ Դրանից ավելի վաղ` 1993-ին, Կարսի Սուրբ Առաքելոց հայկական տաճարը փոխարկվել էր մզկիթի՝ «Քյումբեթ մզկիթ» անվան ներքո։

Այդուհանդերձ, Անիի մայր տաճարի դեպքում նման որոշման կամ գործընթացի վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթուղթ կամ հաստատում առայժմ չկա:

Այսպիսով, պնդումները, թե Անիի մայր տաճարը վերանորոգումից հետո կդառնա մզկիթ, որևէ պաշտոնական փաստաթղթով չեն հաստատվում և ունեն մոլորեցնող բնույթ։ Հայկական լրատվամիջոցների տարածած այս տեղեկությունները փաստացի հիմնված է բացառապես թուրքական մամուլի՝ տաճարը մզկիթ անվանելու վրա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։