ԱՆԻՖ-ում արձանագրված չարաշահումները վերաբերում են Ավինյանի պաշտոնավարման շրջանին. ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ

ԱՆԻՖ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ առնվազն երեք քրեական վարույթ կա, որոնցից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։

Քրեական վարույթներից մեկը նախաձեռնվել էր «Փաստինֆո»-ի հրապարակմանը հաջորդած՝ ԿԿՀ գրության հիման վրա՝ կապված Տիգրան Ավինյանի՝ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու հետ։ Մասնավորապես, 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Տիգրան Ավինյանը։ Այդ ընթացքում նա համատեղել է նախ ՝ ՀՀ փոխվարչապետի (2018-2021 թթ.), ապա նաեւ Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը՝ 2022-2023 թթ.:

«Փաստինֆո»-ն բարձրաձայնել էր Ավինյանի կողմից փոխքաղաքապետի եւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումն արգելող օրենսդրական կարգավորումների մասին։ ԿԿՀ-ն ԱՆԻՖ-ից պահանջել էր 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ տնօրենների խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները եւ իր ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկել դատախազություն, որն էլ դրանք ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել էր քրեական վարույթ։ Եւս մեկ գործի մասին հայտնի էր դարձել 2024 թվականի հունվարին, երբ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ ԱՆԻՖ-ում չարաշահումներ են հայտնաբերվել։ Սակայն, պարզվում է, կա նաեւ երրորդ վարույթը։

Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարուցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե Ավինյանի միաժամանակ երկու անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքով հարուցված վարույթն ինչ փուլում է գտնվում։

ՔԿ-ից պաշտոնապես հայտնել են, որ «2023 թ. ապրիլի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիետում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահման առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը 2023թ. մայիսի 2-ին, ենթակայության կանոններին համապատասխան, փոխանցվել է Քննչական կոմիտեին։

2023թ․ նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում՝ նախաքննությունը համատեղ շարունակելու նպատակով»։

Իսկ երրորդ վարույթը հարուցվել է արդեն 2024 թվականի աշնանը, երբ կառավարությունը որոշել էր լուծարել այն։

«2024թ․ սեպտեմբերի 5-ին և սեպտեմբերին 30-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի գրություններն՝ ուղղված ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետին՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած չարաշահման վերաբերյալ, որոնց առթիվ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- հայտնել են ՔԿ-ից՝ ավելացնելով, որ նշված քրեական վարույթներով նախաքննության կատարումը, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, նույնպես հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին, որոնք միացվել են ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթին՝ հետագա համատեղ նախաքննությունն իրականացնելու նպատակով։

Այլ մանրամասներ քննչականը նպատակահարմար չի համարել հրապարակել՝ նախաքննության այս փուլում։

Սակայն ուշագրավ է այն, որ առաջին քրեական վարույթից անցել է շուրջ երկու տարի, սակայն որեւէ մեղադրյալ դեռեւս չկա։

«Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել»,-հայտնել են ՔԿ-ից։

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում Տիգրան Ավինյանի լիազորությունները դադարեցվել են 2023 թվականի սեպտեմբերին, հետեւապես, մինչ այդ ԱՆԻՖ-ում արձանագրված չարաշահումները վերաբերում են նրա պաշտոնավարման շրջանին։