Ինչո՞ւ անգամ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները և նրանց հաստիքային քարոզիչները չեն կարողանում թաքցնել այն իրողությունը, որ Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիր կուսակցությունը` «Ուժեղ Հայաստանն» է՝ հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Ինչո՞ւ անգամ իշխանության կողմից կազմակերպված և վճարված սոցիոլոգիական հարցումներ են փաստում, որ «Ուժեղ Հայաստան»–ը առաջատար ընդդիմադիր ուժն է: Իհարկե, այդ սոցհարցումներով թե «Ուժեղ Հայաստան»-ի, թե մյուս ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշը էականորեն պակասեցված է, բայց դա այլ խնդիր է: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է անգամ իշխանությունը ստիպված ընդունել «Ուժեղ Հայաստան»-ի բարձր վարկանիշը. կա առնվազն մի քանի բացատրություն:
Անգամ տոտալ հակաքարոզչության` Սամվել Կարապետյանին ներկայացնել որպես Ռուսաստանից ուղարկված մարդ, մարդ, որը իբրև թե դեմ է Հայաստանի ինքնիշխանությանը և ուզում է Հայաստանը վերածել ռուսական ծայրագավառի, Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ նա դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, այնուամենայնիվ, հնարավոր չէ թաքցնել կամ անտեսել այն հսկայական հանրային աջակցությունը, որն ունի Սամվել Կարապետյանը և նրա գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:
Ընդդեմ Սամվել Կարապետյանի կալանավորման, հօգուտ նրա ազատ արձակման հանրահավաքներին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարին այնքան մարդ է մասնակցում, որ իշխանություն, այդքան մարդ չի կարող հավաքել նույնիսկ վարչական ռեսուրսի գործադրմամբ: Փաշինյանի կեղծ պատարագներին, լավագույն դեպքում, մասնակցում էր 500-700 մարդ, այն դեպքում, երբ դրանց մասնակցում էին մարզպետ-համայնքապետ և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցները:
Իշխանությունը «Ուժեղ Հայաստան»-ին և Սամվել Կարապետյանին ներկայացնելով որպես հիմնական ընդդիմադիր ուժ՝ փորձում է հավաստիություն տալ իր կողմից կազմակերպված և վճարված սոցհարցումներին: Ավելի պարզ ասած, ասում են՝ տեսեք հարցումներով ֆիքսվել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը ընդդիմադիր ուժերի առաջատարն է, և քանի որ դա ճիշտ է, ուրեմն ճիշտ է նաև ՔՊ-ի ստացած բարձր վարկանիշը: ՔՊ-ն փորձում է թաքնվել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»–ի անվան տակ, իրենց կազմակերպած կեղծիքն անցկացնելու համար: Սա իհարկե չի ստացվելու. Հայաստանի առաջատար երեք, չորս ընդդիմադիր ուժերը իրար հետ առնվազն երկու անգամ ավելի բարձր հանրային աջակցություն ունեն, քան իշխանությունը՝ իր կրմինալ-վարչական ռեսուրսով:
Եթե անգամ իշխանությունն է ստիպված ֆիքսել, որ Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է, սա առնվազն նշանակում է, որ իշխանությունը չի կարող գնալ բացահայտ կեղծիքի և թույլ չտալ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ինչի մասին ակնարկում կամ հուշում են իշխանության հաստիքային և արտահաստիքային հաճախորդները: Առանց հիմնական քաղաքական մրցակցի մասնակցության, դրանք կլինեն ոչ թե ընտրություններ, այլ սովորական բեմականացված ֆարս, մարդիկ`ընտրողները զրկված կլինեն իրենց նախընտրած ուժին քվեարկելու իրավունքից: Իշխանությունն ինքն իրեն զրկեց ապօրինության դիմելու հնարավորությունից:
Մյուս արձանագրումն այն է, որ եթե սոցիոլոգիական հարցումների ժամանակ կարելի է թվերի հետ խաղալ, պատվիրել՝ ցանկալի արդյունք նկարել, ապա ընտրությունների` քվեարկության ժամանակ նման մանիպուլյացիա անելու հնարավորությունը սահմանափակ է: Ընտորղները ոչ միայն գնալու են ընտրատեղամաս և իրենց ձայնն են տալու ընդդիմությանը, դրանով մերժելով գործող ռեժիմին և նրա պարագլխին, այլ ընտրությունների արդյունքների կեղծման դեպքում տեր են կանգնելու իրենց տված քվեին: Հայաստանը այլևս չի ունենալու պարտված և թշնամու ողորմածությանը հանձնված կառավարիչներ:
Armlife.am





