Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԲԴԽ նախագահը հայտարարում է հեռանալու մասին, ընդ որում շեշտում, որ հեռանում է առանց սկանդալի:
Մինչդեռ, հեռանալու մասին նրա հայտարարության տեքստն ինքնին ըստ էության ամբողջությամբ սկանդալ է: Օրինակ, նա հայտարարում է՝ «իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին` Վարչապետի գլխավորությամբ»:
Բացում ենք Սահմանադրությունը, որտեղ ԲԴԽ կազմավորման և առավել ևս ԲԴԽ նախագահի նշանակման գործում գործադիր իշխանությունն ու վարչապետը չունեն ոչ մի դեր և իրավասություն: ԲԴԽ-ն անկախ պետական մարմին է, որի նախագահին իրենց կազմից ընտրում են խորհրդի անդամները: Խորհուրդը ձեւավորվում է դատարանների ընդհանուր ժողովի եւ ԱԺ ընտրած հինգական թեկնածուներից:
Մինչդեռ, ԲԴԽ նախագահը, որին իրենց կազմից ընտրում են ԲԴԽ անկախ անդամները՝ համենայն դեպս ըստ Սահմանադրության, «շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն» իրեն վստահելու համար շնորհակալություն է հայտնում գործադիր իշխանությանը՝ վարչապետի գլխավորությամբ: Դրանով իսկ նա փաստացի հաստատում է, որ, թեև Սահմանադրությամբ ԲԴԽ անկախ պետական մարմին է, բայց այդ պաշտոնի հայտնվելու համար պետք է ունենալ նշանակովի գործադիր իշխանության հավանությունը:
Այդ անուղղակի խոստովանությունը սկանդալ չէ, բա ի՞նչ է: Թեև, Հայաստանում իհարկե դա անշուշտ շատ վաղուց սկանդալ չէ, այլ օրինաչափություն»: