Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են. պաշտոնական

Ամուրի մարզում կործանված Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Պետրենկոյի խոսքով՝ ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննությանն օժանդակելու և բոլոր հետքերը մանրակրկիտ ֆիքսելու համար դեպքի վայր են ուղարկվել փորձառու քրեագետներ և փորձագետներ:

Ընդգծվում է, որ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է կոմիտեի արևելյան միջտարածաշրջանային տրանսպորտային վարչության ղեկավար Ալեքսեյ Ալեքսանդրովին քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ օպերատիվ զեկույց ներկայացնել: Հանձնարարականի կատարումը հսկվում է գերատեսչության կենտրոնական մարմնի կողմից։

Հիշեցնենք, այսօր առավոտյան իրավապահ մարմինները հայտնել են, որ «Անգարա» ընկերության Ան-24 ուղևորատար ինքնաթիռը կապի դուրս չի գալիս: Բլագովեշչենսկ-Տինդա ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ: Քննչական կոմիտեի և դատախազության տվյալներով՝ Տինդայի օդանավակայանում վայրէջք կատարելու համար երկրորդ շրջանով պտտվող ինքնաթիռն անհետացել է։

Ավելի ուշ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ ինքնաթիռի հետ կապի կորստի վայրում։

Հարուցվել է քրեական գործ՝ օդանավի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդկանց մահ հոդվածով: ՌԴ Միջպետական ավիացիոն կոմիտեն ձևավորել է աղետի հետաքննության հանձնաժողով։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։