Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։
Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Ըստ Գագիկ Շամշյանի, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այսօր սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն են։ Այնուհետեւ իմանալով, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց, սպանել, ապա դիմել փախուստի:
Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել է իր անվամբ գրանցված որսորդական հրացանից: