ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ միայն հակադրվում է Հայաստանի պետական շահերին, այլ նաև սկզբունքային առումով ոտնահարում է ԵԱՀԿ գործունեության հիմքերը: Այս մասին գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այն հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգին` լեգիտիմացնելով ուժով, ագրեսիայով հարցերի լուծումը և պատրանքային դարձնելով ու թղթի վրա թողնելով խաղաղության գաղափարն առհասարակ: Իսկ Հայաստանի իշխանությունը մասնակցեց այդ ավանտյուրային` հանուն իշխանություն պահպանելու հույսերի` «խաղաղություն» բառը կեղծ «հաղթաթուղթ» դարձնելու համար։
Իրականում, ԱՄՆ-ում օգոստոսյան գործընթացներից հետո Ադրբեջանի իշխանությունը փոքր անգամ չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
Նախ, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ առաջ է բերել ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջը՝ այն ներկայացնելով իբրև «խաղաղության պայմանագրի» համար լրջագույն խոչընդոտ:
Ընդամենը երկու օր առաջ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարը, որը նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է, հայտարարել է. «Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարն Ադրբեջանում համազգային գաղափար է։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։ Ի դեպ, մարդկանց ցուցակագրումները, ինչպես նշել եմ երեկ, սկսվել են դեռ մի քանի տարի առաջ։
Երբ ասում եմ, որ ադրբեջանական իշխանություններն այսպես ասած ID քարտեր են բաժանում «Արեւմտյան Ադրբեջան»-ի «ապագա» բնակիչների համար, եւս իրականություն է, քանի որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից եւ, բնականաբար, դա իշխանության հովանավորությամբ գործող միավոր է։
Ադրբեջանի նախագահը օգոստոսյան փաստաթղթերի նախաստորագրումից հետո հայտարարել է, որ ավելացնելու է ռազմական հզորությունը։ Դրան զուգընթաց, Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ նոր համագործակցություն չսկսի կամ զարգացում չունենա:
Այս փաստերն ամենևին էլ սպառիչ չեն, բայց հստակ ցույց են տալիս ծանրագույն վտանգները ՀՀ ինքնիշխանության ու պետականության համար, ինչպես նաև պարզ դարձնում, որ այդ պայմաններում իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ։ Այդ մասին միակողմանի խոսում է միայն ՀՀ իշխանությունը և իշխանական պրոպագանդան` ՔՊ իշխանության պահպանության համար»,-գրել է Թաթոյանը։