Search
Close this search box.

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Բլինքենն ուղերձ է հղել

Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ ուղերձում։

«Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը», — նշել է Էնթոնի Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Նահանգները հպարտ է շարունակելու աջակցել Հայաստանին, որը դառնում է ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ:

Բլինքենն արձանագրել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է, և հավելել, որ աշխատում են Հայաստանին էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու և նրա բնակչության և տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

«Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում ստեղծել մեր ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի կապված, կայուն և անվտանգ», — ասված է Բլինքենի ուղերձում։