Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թրամփի երկրորդ պաշտոնավարման շրջանի լոբբիստական դինամիկան աննախադեպ է: Թրամփի վերադարձը Սպիտակ տուն էապես ակտիվացրել է թե՛ անհատ լոբբիստների և թե՛ լոբբիստական կազմակերպությունների գործունեությունը։
Լոբբիստների մեծ մասը նախորդ վարչակազմից քաղաքական փորձառություն ունեցող նախկին պաշտոնյաներ են։
Սա յուրովի լոբբինգը վերածում է ոչ միայն շահերի ներկայացման, այլև՝ քաղաքական կապերի վերածննդի գործիքի, ԱՄՆ քաղաքականության մեջ լոբբինգի էվոլյուցիայի համատեքստում՝ որպես իշխանությանը մոտ կանգնած մեխանիզմի։
Թրամփի վերադարձը հատկապես վերագործարկում է իր մերձավորների ցանցը, որն ընդլայնում է մասնավոր հատվածի մասնակցությունն օրենսդրական որոշումների ընդունման գործընթացում և ընդգծում է հստակ տնտեսական առաջնահերթություններ՝ հանքարդյունաբերությունը, էներգիան, առողջապահությունն և ազգային անվտանգությունը։
Սա նաև ցույց է տալիս, որ Թրամփը ոչ միայն վերադարձել է ինստիտուցիոնալ առումով, այլ նաև՝ վերականգնում է պետական և մասնավոր կառույցներում իր անձնական ցանցերը։
Իսկ դա երաշխիք է, որ նա կարող է մեծացնել վարչակազմի քաղաքական վերահսկողությունը ոչ միայն Կոնգրեսում, այլ նաև քաղաքականության մշակման ոլորտում։
Եթե լոբբիստական կազմակերպությունների թիրախ ոլորտներն են՝ հանքարդյունաբերությունն և էներգիան (Talen Energy, Vorago Technologies, First Solar), Բժշկական և առողջապահական կառույցները (Meadows Mental Health Policy Institute, Treatment Advocacy Center, Chromadex), Ավիացիան և տիեզերքը (Revolution Space, Archer Aviation) և այն տնտեսաքաղաքական իմաստով վկայում է, որ ամերիկյան մրցունակությունն ամրապնդելու նպատակով վարչակազմը նախապատվություն է տալիս արագ արդյունաբերական և տեխնոլոգիական վերազինմանը (դա Թրամփի՝ «Ամերիկան առաջինն է» տրամաբանության շրջանակում է), ապա անհատ լոբբիստների «թիրախները»՝ հակամարտություններն են:
Նրանք ակտիվ ներգրավված են արտաքին քաղաքականությունում և մասնավորապես՝ տարածաշրջանային կոնֆլիկտներում:
Թրամփի առաջին վարչակազմի բազում նախկին աշխատակիցներն ու իր մերձավոր նախկին խորհրդականները, ինչպես օրինակ՝ Ջեյսոն Միլլերը, Քիթ Շիլլերը, Ջորջ Սորիալը և Քրիս Սկրժիցկին (հին գվարդիան) իրենց ողջ արսենալով ներգրավվել են Հնդկաստան-Պակիստան հակամարտության դիվանագիտական և տնտեսական դաշտում։ Հատկապես վերջին շրջանում Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության և երկու երկրների միջև սրված լարվածության ֆոնին նրանք այս պետությունների օգտին հանդես են գալիս որպես լոբբիստներ:
Ընդ որում՝ հանդես են գալիս հակադիր դիրքերից՝ մեկը (Միլլերը)՝ Հնդկաստանի, մյուս երկուսը (Շիլլերը և Սորիալը)՝ Պակիստանի օգտին:
Առաջին հայացքից սա ստեղծում է անմիջական հակասություն՝ ոչ միայն էթիկայի, այլ նաև ազգային անվտանգության դիտանկյունից։
Սա ցուցուչ է նրա, որ Թրամփի շրջապատում գոյություն ունեն քաղաքական և տնտեսական շահերի բախում՝ հատկապես նախկին վարչակազմի ազդեցության շրջանակներում։
Իսկ դա կարող է հարցեր առաջացնել կապված ազգային շահերի հետ, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ներկայացնում են միմյանց մրցակցող պետություններ։
Միաժամանակ, այս իրավիճակը յուրովի բացահայտում է, թե ինչպես միջազգային ճգնաժամերը նախկին պաշտոնյաների կողմից կարող են վերածվել անձնական կապիտալիզացիայի գործիքների։
Սա նաև կարող է «պղտորել» ԱՄՆ արտաքին քաղաքական ուղեգիծը՝ թուլացնելով նրա պետական մարմինների հետևողականությունը։ Քանի որ ԱՄՆ լոբբիստների գործունեությունը հաճախ ընդունվում է որպես անուղղակի ազդակ գործադիր իշխանության քաղաքականության վրա՝ սա մեծացնում է կողմնակալ որոշումների կամ շահերի բախման ռիսկը։
Սա նաև ցույց է տալիս, որ հակամարտությունների ընթացքում արտաքին դերակատարները (օրինակ՝ ԱՄՆ-ում գործող լոբբիստները) դառնում են որոշիչ գործոն քաղաքական նարատիվների ձևավորման հարցում։
Իսկ նման միջամտությունը կարող է խեղաթյուրել միջազգային դիվանագիտական լուծումների հավասարակշռությունը։
Թրամփի թիմակիցների միմյանց դեմ մրցակցությունը Հնդկաստան-Պակիստան հակամարտության համատեքստում ցույց է տալիս քաղաքական բարոյականության անկման, լոբբիստական համակարգի ուժեղացման և ամերիկյան քաղաքական վերնախավում արժեքների անորոշության խնդիրները։
Սա վկայում է, որ Թրամփի մերձակա թիմի անդամները լոբբիստական շահերին ենթարկվելով վաճառքի են հանել քաղաքական դիրքորոշումը:
Նման ներգրավվածությունն աննախադեպ չէ ամերիկյան քաղաքականությունում, սակայն առանձնահատուկ է, երբ խոսքը գնում է հակամարտող երկու երկրների ներկայացման մասին՝ միևնույն վարչակազմի նախկին բարձրաստիճան շրջանակի կողմից։
Թեև Թրամփը նշում է, որ «շատ մտերիմ է երկու երկրների հետ», նրա թիմակիցների տարբեր ուղղություններով լոբբիստական ներգրավվածությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ քաղաքական վերնախավում բացակայում է միասնական մոտեցումը:
Եվ այս գործելաոճը վտանգավոր նախադեպ է, երբ համաշխարհային բարդ հակամարտության պայմաններում նախկին պաշտոնյաները տարբեր ճամբարներում հանդես են գալիս որպես շահառու:
Որքան Թրամփը փորձում է պահպանել հավասարակշռությունը և դեմոնստրացնում է երկուստեք խաղաղության հաստատման իմպերատիվը, այդուհանդերձ՝ լոբբիստական գործարքները ցույց են տալիս հակասական ազդակներ։
Ընդ որում՝ նման հայտարարությունը շատ դեպքերում ընկալվում կամ ներկայացվում են որպես «կեղծ նեյտրալություն», երբ իրականում նախկին թիմակիցները ներգրավված են ֆինանսապես շահավետ հակադիր գործարքներում։
Իսկ դա թուլացնում է ԱՄՆ վստահելիությունը՝ որպես հավասարակշռված միջնորդ Հարավային Ասիայում։
Այս դեպքը նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող է նախկին նախագահական թիմի մասնավոր շահերը թուլացնել ԱՄՆ-ի միջազգային դերակատարումը՝ հօգուտ անձնական տնտեսական օգուտների։
Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը չափազանց պայթյունավտանգ և նուրբ է, որպեսզի առևտրայնացվի ԱՄՆ քաղաքականության նախկին ներկայացուցիչների կողմից։
Նման զարգացումները լուրջ հետևանքներ կարող են ունենալ ոչ միայն տարածաշրջանային անվտանգությանը, այլ նաև ԱՄՆ հեղինակությանը՝ որպես չեզոք ու կառուցողական միջնորդ։
Համենայն դեպս՝ փաստ է, որ Հնդկաստանի ու Պակիստանի կառավարություններն իրենց շահերին հասնելու համար պայմանագրեր են կնքել ԱՄՆ ազդեցիկ լոբբիստների հետ:
Միլլերը պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ՝ 150.000 դոլար ամսական վարձատրությամբ, Սայդենի գրասենյակը Պակիստանի հետ կնքել է 200.000 դոլար արժողությամբ պայմանագիր, իսկ դրա ենթակապալառուներ՝ Սորիալը և Շիլլերը, գործում են «Javelin Advisors»-ի միջոցով (ամիսը 50.000 դոլար վարձատրությամբ)։
Հիմնական նպատակը՝ տնտեսական շահերն են։ Ներդրումներ, առևտրային հարաբերություններ, աշխարհաքաղաքական հավասարակշռում՝ այս ամենը դրվում է մասնավոր լոբբիստների միջնորդությամբ։
Մասնավորապես՝ Պակիստանը փորձում է խթանել իր հանքարդյունաբերությունը՝ ներգրավելով ամերիկյան ներդրումները։
Ի դեպ՝ Թրամփի վարչակազմի (և / կամ նրա թիմակիցների) կոշտ առևտրային քաղաքականությունն այստեղ փոխարինվում է «ներդրումային դիվանագիտությամբ»։
Այս համատեքստում ուշագրավ է հատկապես Հայաստանի հնարավոր ներգրավվածությունը, որի մասին ակնարկներ արդեն իսկ կան:
Ըստ հեղինակավոր «POLITICO» պարբերականի 04/29/2025 թվականին հրապարակված հոդվածի, հիշատակվում է Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով հանդիպել է Սորիալի և Շիլլերի հետ (հոդվածին կից առկա է համատեղ լուսանկար):
Սա կարող է վկայել, որ վերոնշյալ լոբբիստները նախատեսում են վերջինիս ներգրավվել նաև Հայաստանի հետ նախատեսված ծրագրերում:
Տվյալ նախարարի (Նարեկ Մկրտչյան) հանդիպումը կարող է լինել զուտ պրոտոկոլային, սակայն այն կարող է նաև մաս կազմել ավելի լայն քաղաքական/բիզնես գործընթացի։
Նման հանդիպումները կարող են ներքին իմիջային նպատակներ հետապնդել, օգտագործվել նաև ներքաղաքական նպատակներով, օրինակ՝ վարկանիշ բարձրացնելու, նոր տնտեսական նախաձեռնություններ ներկայացնելու կամ «օտար ներդրումների ներգրավման» տպավորություն ստեղծելու համար։
Հանդիպումը Սորիալի և Շիլլերի հետ կարող է վկայել, որ որոշ արտաքին լոբբիստական խմբեր ցանկանում են ներգրավվել Հայաստանում՝ որպես տարածաշրջանային նոր վեկտոր:
Ենթադրելի է, որ այսպիսի ֆոնին Հայաստանը կարող է հայտնվել նույն շփման դաշտում, որտեղ գործում են ուժեղ շահերի բախում ունեցող արտաքին լոբբինգմեյքեր գործակալներ։
Այս խմբերը կարող են Հայաստանն օգտագործել միջնորդային կամ հարթակային դիրքի համար՝ որպես «կարգավորող», կամ՝ որպես արտաքին կապերի հանգույց՝ Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի, Իրանի և Հնդկաաստանի միջև։
Լոբբիստներն օգտվելով թափանցելի ինստիտուցիոնալ համակարգից կարող են Հայաստանի տարածքում՝ հանքարդյունաբերական, տեխնոլոգիական կամ լոգիստիկ ոլորտներում կապեր ստեղծել և Պակիստանի օրինակով (չնայած, որ Պակիստանի իշխանությունները դա թույլ են տվել) ներդրումներ կատարելու հնարավորություններ ստեղծեն:
Հատկապես հանքարդյունաբերության մեջ, առավել ևս, որ Հայաստանում լեռնահանքային ոլորտը դեռևս բաց է արտաքին կապիտալի համար։
Այստեղ սակայն կան նաև ռիսկեր.
կարող է ձևավորվել ներմուծված կապիտալի միջոցով շահույթների արտահոսք և բնապահպանական ռիսկեր:
Սորիալը և Շիլլերը կարող են շահագրգռված լինել Հայաստանում ինֆրաստրուկտուրալ ներդրումներ կատարելու հարցում՝ հատկապես հաշվի առնելով նրանց հետաքրքրությունը զարգացող երկրների տնտեսական ծրագրերի նկատմամբ։
Հայաստանն ընդգրկվելով նման նախագծերում կարող է հայտնվել արտաքին հակադիր շահերի բախման դաշտում, ինչը հատկապես վտանգավոր է միջազգային լարված իրավիճակում։
Եթե Սորիալը և Շիլլերը շարունակում են հանդես գալ որպես Պակիստանի կողմնակիցներ, ապա նրանց ակտիվությունն Արցախյան հարցում կամ տարածաշրջանային կոնֆլիկտների շուրջ կարող է հակասել Հնդկաստանի և մյուս դաշնակիցների շահերին։
Հայաստանը, առանց հստակ ազգային ռազմավարության, կարող է չգիտակցված ձևով գործել որպես լոբբիստական ազդեցությունների հանգույց, ինչը վտանգում է իր քաղաքական ինքնիշխանությունը։
Հայաստանի անունը նման բարձր մակարդակի միջազգային կապերի և լոբբիստական խմբերի հետ հիշատակվելը կարող է մատնանշել երկակի հնարավորություն՝
— նոր գործընկերություններ, ներդրումներ և կապեր,
— գեոպոլիտիկ մանիպուլյացիայի և շահերի բախման թակարդներ:
Հիմնական մտահոգությունն այն է, որ Հայաստանը կարող է դառնալ կիսաթափանցիկ լոբբիստական խաղերի հարթակ, եթե չունենա հստակություն իր արտաքին քաղաքականության ուղղություններում և ներդրումային չափորոշիչներում։
Հետևաբար, առաջարկելի է կատարել ռազմավարական աուդիտ.
Արտաքին գործերի նախարարության, Ազգային Անվտանգային և Արտաքին հետախուզության ծառայությունների միջոցով գնահատել բոլոր հանդիպումները և նախաձեռնությունները:
Կատարել ներդրումների աղբյուրների և շահառուների վերահսկում, ներդնել վերահսկման մեխանիզմներ։
Բացահայտել տվյալ լոբբիստի/ընկերության ծագումնաբնությունը, իրական նպատակներն ու նախկին գործունեությունը, ստուգել նրանց գրանցված շահառուներին:
Պարզել՝ արդյոք տվյալ լոբբիստների ներգրավումը հակասում է ՀՀ ազգային շահերին։
Համադրել ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունները՝ ԵՄ, ԱՄՆ, Հնդկաստան, Իրան, ՌԴ, Չինաստան։
Բացահայտել՝ արդյոք հնարավոր շահերը խաչվում են հակադիր կողմերի հետ։
Ընտրել «չեզոքություն պահպանող» մոտեցում, եթե գործ ունենք հակամարտող երկրների շահերի հետ։
Ապահովել իրավական հստակությունը և պայմանագրերերի թափանցիկությունը, համագործակցությունների բաց և իրավաբանորեն ստուգելի բնույթը։
Գործարքները պետք է վերահսկվեն Կառավարության իրավաբանական վարչության կողմից։
Պայմանագրերում պարտադիր նշել շահառուների բացահայտումը։
Պայմանագրի խախտման դեպքում նախատեսել պատասխանատվության միջոցների կիրառելիությունը:
Ապահովել հանրային վստահություն՝ այդկերպ կանխել կուլիսային շահարկումները։
Տեղեկատվությունը տրամադրել ՀՀ կառավարության պաշտոնական կայքերով։
Ներգրավել քաղաքացիական կազմակերպություններ և մամուլ։
Կազմակերպել հանրային քննարկումներ հատկապես, եթե գործարքը ներառում է պետական ռեսուրսներ։
Վերահսկել լոբբիստների կատարած աշխատանքն ու հնարավոր հետևանքները։
Համագործակցության և արդյունքների մասին կազմել գնահատման զեկույց:
Քննել արդյունքներն ազգային շահի տեսանկյունից:
Հայաստանը, որպես փոքր պետություն, գործում է ուժեղ շահերի բախման գոտում։
Յուրաքանչյուր լոբբիստական ներգրավում պետք է գնահատել ազգային, իրավական և հանրային վստահության տեսանկյունից։ Քաղաքական ուղեցույցը նպատակ ունի պետական կառույցներին զինել կանխարգելիչ գործիքներով, որոնք երաշխավորում են, որ արտաքին հարաբերությունները ձևավորվում են հստակ, թափանցիկ և պատասխանատու կերպով։
Հիմա, երբ արդեն պարզ դարձավ Փաշինյան–Թրամփ, Փաշինյան–Թրամփ–Ալիև եռակողմ հանդիպումը, ակնհայտ է, որ գործընթացը սկսվել է ավելի վաղ, հնարավոր է հենց «Politiko» պարբերականի հրապարակման փուլում։
Հատկանշական է, որ այդ փուլում է տեղի ունեցել Մկրտչյանի հանդիպումները Թրամփի՝ «Մարալագոյի» առանձնատանը։
Իմ խորին համոզմամբ, եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրվելու է փաստաթուղթ։
Այն չի լինելու խաղաղության պայմանագիր, սակայն այդ փաստաթուղթը կարող է ունենալ հռչակագրային, հուշագրային, պարտավորային կամ նախապայմանագրային բնույթ։
Հետևենք զարգացումներին: