Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար, հայտնում է christiannewswire.com-ը:
Բաց նամակի տակ ստորագրածները վկայակոչել են խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հավաստի հաղորդումները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար, և որ անհրաժեշտ են արագ գործողություններ՝ փրկելու քրիստոնյաների կյանքը:
«Մենք հավատում ենք, որ Դուք միակն եք, ով կարող է փրկել քրիստոնյա պատանդներին: Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ, սակայն Բայդենի վարչակազմը հրաժարվել է քայլեր ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվում են խոշտանգումների: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրված է ստուգել նրանց վիճակը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը», — ասվում է նամակում։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Դատարանի առաջ կանգնել են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: